«Ա1+»-ի հարցը չի կարող փակվել
«Ա1+» հեռուստաընկերության գործը փակելու վերաբերյալ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով, սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ:
Նախարարների կոմիտեն իրավասու է որոշում ընդունել, թե Հայաստանի իշխանությունները իրագործել են ԵԽ մարդու իրավունքների դատարանի որոշումը, թե ոչ: Սակայն. ««Ա1+»-ի վերաբերյալ որոշումն անսպասելի էր, որովհետեւ որեւէ քայլը Հայաստանում չի կատարվել նման որոշում ընդունելու համար»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Մելիքյանը:
Ստիպված լինելով ենթադրել, թե ինչ է հիմք ընդունել ԵԽ Նախարարների կոմիտեն նման որոշման համար՝ Աշոտ Մելիքյանն ասաց. «Եթե Նախարարների կոմիտեն նկատի ունի ՀՌԱՀ-ի անցկացրած կապուղիների վերջին մրցույթը, ապա անկախ նրանից, թե «Ա1+» կդիմեր Եվրոպական դատարան, թե ոչ, իրավունք ուներ մասնակցել այդ մրցույթին: Եթե նկատի ունենք ՄԻ Դատարանի կողմից նշված գումարի վճարումը «Ա1+»-ին, ապա մենք շատ ուրախ կլինեինք, որ այդ գումարը չվճարվեր, սակայն վճռում նշված պայմանները կատարվեին, մասնավորապես պայմաններ ստեղծվեին՝ «Ա1+»-ին եթեր վերադարձնելու համար: Փաստորեն չի կատարվել Եվրադատարանի հիմնական պահանջը»:
Հիշեցնելով, որ «Ա1+» հեռուստաընկերությունն այսօր դեռ բազմաթիվ գործընթացների մեջ է տարբեր դատական ատյաններում վիճարկելով նաեւ ՀՌԱՀ-ի վերջին որոշումը, նա նկատեց. «Այս պարագայում Նախարարների կոմիտեի կողմից նման որոշման կայացումը անհեռատես քայլ էր: Մեր կառավարությունը շատ «լավ» է աշխատել եւ ամեն ինչ արել է, որ «Ա1+»-ի էջը փակվի: Փաստորեն «Ա1+»-ի հարցով ՀՀ պետական ատյանների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ որեւէ կոմպրոմիս չկա եւ չի լինի: ՀՀ իշխանությունները չեն ուզում, որ «Ա1+»-ը վերադառնա եթեր, իսկ հասարակական կառույցները սկզբունքորեն պնդում են, որ «Ա1+»-ը պետք է վերադառնա եթեր, քանի որ եղել է անարդարություն եւ երկրորդ՝ «Ա1+»-ը նոր գույներ կարող է հաղորդել Հայաստանի այսօրվա գորշ եթերին»:
Կառավարության «լավ» աշխատանք ասելով՝ Աշոտ Մելիքյանը նկատի ունի. «Վերջին մրցույթը նրանք ներկայացրել են որպես բարենպաստ պայմաններ, որպեսզի «Ա1+» եթեր վերադառնար եւ օգտագործել են այն փաստարկը, թե «Ա1+»-ը մրցույթին մասնակցելիս ներկայացրել է ոչ ստույգ փաստաթուղթ: Ես ենթադրում եմ, որ մեր իշխանությունները եվրոպական չինովնիկներին համոզել են այս հարցում: Ես ափսոսանք եմ հայտնում, որ ԵԽ Նախարարների կոմիտեն նախքան իր որոշումը կայացնելը մանրակրկիտ չի ուսումնասիրել իրականությունը»:
ԵԽ նախարարների կոմիտեի որոշումները Աշոտ Մելիքյանը համարում է ծանրակշիռ փաստաթուղթ, որը ՀՀ իշխանությունները կարող են իրենց հարմար պահերին մեջբերել, սակայն նա վստահ է, որ «Ա1+»-ի հարցը փակված չէ եւ չի կարող փակվել. «Ա1+»-ի հարցը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան «Ա1+»-ի արտադրանքի սպառողներ, քանի դեռ կա «Ա1+»-ի հասարակական պահանջը եւ ամենակարեւորը՝ մեր այսօրվա գորշ եթերը գույների կարիք ունի եւ հասարակությանը չի կարելի թողնել այսօրվա եթերի հույսին, որը նոր խաղացողների կարիք ունի, իսկ «Ա1+» լավագույն խաղացողներից Է»:
Տես` http://www.a1plus.am/am/politics/2011/06/29/ashot-melikyan