Վերջին եռամսյակում ԶԼՄ–ների և լրագրողների նկատմամբ բռնության 2 դեպք էարձանագրվել
Հայաստանում լրատվամիջոցներն ու լրագրողներն աշխատում են բավական բարդ պայմաններում, ինչի մասին են վկայում լրատվամիջոցների դեմ դատական հայցերը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական պայմանները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների մասին հերթական եռամսյակային (2011թ. ապրիլ-հունիս) զեկույցը:
Խոսելով լրատվամիջոցների նկատմամբ հարուցվող դատական հայցերի մասին՝ Մելիքյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիրի» և «Իրավունքի» դատական գործերին՝ նշելով, որ տվյալ դեպքում դատարանը կարողացել է ղեկավարվել օրենքով, հիմնվել է փաստերի և իրողությունների վրա և տուրք չի տվել հեղինակություններին ու ազդեցություններին: «Սա առայժմ բացառություն է, բայց լավ կլիներ, որ դառնար օրինաչափություն»,- ընդգծեց ԽԱՊԿ նախագահը՝ ավելացնելով, որ առայժմ Հայաստանում ԶԼՄ-ների դեմ դատական հայցերում հաղթում են քաղաքական և տնտեսական կշիռ ունեցող անձինք:
Հաշվետու եռամսյակում կոմիտեն դիտարկել է լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնությունների, այլ տիպի ճնշումների, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը: «Այս դասակարգմամբ նայելիս տեսնում ենք, որ իրավիճակը բավական մտահոգիչ է: Ի տարբերություն այս տարվա առաջին եռամսյակի, երբ ֆիզիկական բռնությունների դեպքեր ընդհանրապես չեն եղել, այս եռամսյակում նման երկու փաստ է արձանագրվել»,- ասաց Մելիքյանը:
Լրագրողների և լրատվամիջոցների բռնության երկու դեպքերն են՝ «Զինվոր» ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հարձակումը «Հրապարակ» օրաթերթի խմբագրության վրա, մյուսը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արկադի Անդրեասյանի բռնությունը ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի նկատմամբ: ԽԱՊԿ նախագահը շեշտեց, որ այս եռամսյակում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մեծ մասի հեղինակը ոչ թե քաղաքական, պետական գործիչները կամ իրավապահներն են, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունում խոսքի, քննադատության հանդեպ հանդուրժողականությունը ցածր մակարդակի վրա է:
Ներկայացվող եռամսյակում ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների վեց դեպք է արձանագրվել՝ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված 15 դեպքի համեմատ: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 2 դեպք է արձանագրվել՝ առաջին եռամսյակում արձանագրված 4 դեպքի դիմաց: