Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտումները նկատելիորեն աճել են
“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” այսօր հրապարակել է հերթական եռամսյակային զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:
Կոմիտեն առանձնացրել է խախտումների 3 խումբ եւ այս տարվա ապրիլ-հունիս ամիսների համար արձանագրել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 21 դեպք, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 3 խախտում:
“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի” նախագահ Աշոտ Մելիքյանը վստահ է, որ արձանագրված դեպքերն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը, թեեւ դրանք էլ բավարար են՝ պնդելու, որ խախտումները նկատելիորեն աճել են: Դրանց նպաստել է նաեւ ավագանու ընտրությունը:
“Բոլոր ընտրությունների ժամանակ իրավիճակը սրվում է եւ ԶԼՄ-ներն ու լրագրողներն անբարենպաստ պայմաններում են աշխատում, քան` առօրյայում: Բայց ես պետք է անպայման ընդգծեմ, որ այս ընտրության ժամանակ, չնայած լուրջ բարդություններին, ընդհանուր առմամբ, լրագրողները կարողացան կատարել իրենց առաքելությունը, եւ հանրությունը ստացավ բավականին օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչպիսին էին այդ ընտրությունները”,- ասաց Աշոտ Մելիքյանը։