2020թ․ հուլիսից 2021թ․ հունվար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Արդարություն լրագրողների համար» միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի մշտադիտարկում։ Այս նախագծի հրատապությունը պայմանավորված էր ԶԼՄ հրապարակումների առնչությամբ ներկայացվող դատական հայցերի աննախադեպ աճով։ Այդ առումով կարևոր էր վերլուծել, թե որ դեպքերում են հայցվորները ցանկանում «հաշիվ մաքրել» ԶԼՄ-ների հետ, որ դեպքերում են լրատվամիջոցներն իսկապես հատել թույլատրելի սահմանները, և որքանով է դատարաններին հաջողվում պահպանել հավասարակշռությունը խոսքի ազատության և պատվի, արժանապատվության պաշտպանության, այսինքն՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 8-րդ կետերի միջև։ Մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց ինֆոգրաֆիկաներով։ Փաստաթուղթը ներկայացվել է հանրությանը մամուլի ասուլիսի միջոցով, տեղադրված է ԽԱՊԿ կայքում և ֆեյսբուքյան էջում։ Ծրագրի շրջանակներում պատրաստվել է նաև 7-8 րոպեանոց 5 տեսանյութ՝ ԶԼՄ-ների և լրագրողների մասնակցությամբ առավել աղմկահարույց դատական գործերի վերաբերյալ։