2024 թվականի մարտի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ մարզային «ԱԼՏ» հեռուստաընկերությունը ներգրավվել էր որպես երրորդ կողմ՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանն ընդդեմ մանկավարժներ Սուսաննա Մարգարյանի և Կարինե Հարությունյանի դատական գործով։ Հայցը ներկայացվել է 2022թ․ սեպտեմբերի 12-ին՝ պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջով, իսկ առիթը 2022թ․ սեպտեմբերի 2-ին «ԱԼՏ» հեռուստաընկերության պատրաստած՝ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կոլեկտիվը պահանջում է տնօրենի հրաժարականը» ռեպորտաժն է, որը ցուցադրվել է Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվական թողարկման ընթացքում և տեղադրվել «ԱԼՏ» հեռուստաընկերության alttv.am կայքում։
Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերության շահերի պաշտպանությունը ստանձնել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փաստաբան Կարեն Տոնոյանը։ Գործով դատական նիստեր են կայացել մայիսի 15-ին, հուլիսի 3-ին, սեպտեմբերի 16-ին։ Վերջին նիստում քննարկվել է պատասխանողի ներկայացրած միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Հոկտեմբերի 3-ին հրապարակված դատական ակտով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով: