«Lragir.am» և «1in.am» լրատվական կայքերի թղթակից Սիրանուշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի

2016 թ. ապրիլի 30-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աջակցությամբ «Lragir.am» և «1in.am» լրատվական կայքերի թղթակից Սիրանույշ Պապյանը հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի՝  պահանջելով պարտավորեցնել նրան հրապարակայնորեն ներողություն խնդրել: Այս պահանջին ավելի ուշ գումարվել է ևս երկուսը. Պատասխանատվության ենթարկել մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և սեռական խտրականություն դրսևորելու համար։

Հայցի առիթը եղել է ապրիլի 24-ին Երևանի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում ոստիկանապետի արձագանքը լրագրողի հարցին։ Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, Վլադիմիր Գասպարյանը հակադարձել է. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2016 թ. նոյեմբերի 8-ին։ Նիստեր են կայացել նաև 2017-ի մարտի 31-ին, մայիսի 17-ին, հունիսի 19-ին, նոյեմբերի 15-ին, իսկ նոյեմբերի 29-ին դատարանը որոշել է կասեցնել գործը՝ պատճառաբանելով, որ ոստիկանապետն արտահայտությունը փոխաբերական իմաստով է գործածել։

ԽԱՊԿ աջակցությամբ 2017-ի դեկտեմբերի 29-ին Սիրանույշ Պապյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը։ Բողոքն ընդունվել է վարույթ 2018-ի հունվարի 18-ին։ Գործով դատական նիստ է տեղի ունեցել ապրիլի 19-ին, իսկ մայիսի 3-ին Վերաքննիչ դատարանը մերժել է լրագրողի բողոքը։

2018-ի օգոստոսի 3-ին բողոք է ներկայացվել վճռաբեկ ատյան, սակայն վերջինս բողոքը վարույթ չի ընդունել։ Այսպիսով, անցնելով դատական 3 ատյաններով ու սպառելով բոլոր հնարավորությունները երկրի ներսում՝ Սիրանուշ Պապյանը չի կարողացել պաշտպանել իր իրավունքները։ Ստանձնելով լրագրողի շահերի պաշտպանության գործը՝ ԽԱՊԿ-ը բողոք և անհրաժեշտ այլ փաստաթղթեր է պատրաստել՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար։ 2018-ի դեկտեմբերի 29-ին փաստաթղթերն ուղարկվել են ՄԻԵԴ։

Հարակից Հոդվածներ