Բողոք՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով հարուցված քրեական գործի կասեցման մասին ՀՔԾ որոշման դեմ

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց 2016-ի հուլիսի 29-30-ին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործի քննությունը՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ Այդ օրերին Սարի թաղում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների դեմ, ինչպես նաև բռնությունների ու հետապնդումների են ենթարկվել քսանից ավելի լրագրող և օպերատոր, խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը:

Այս գործով անցնող 2 լրագրողների՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանի և ազատ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանի խնդրանքով ԽԱՊԿ-ի փաստաբանները ներկայացրել են նրանց շահերն իրավապահ մարմինների հետ հարաբերություններում։

Նախաքննության կասեցումից հետո՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողները Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աջակցությամբ, ՀՔԾ-ի այդ որոշումը բողոքարկել են դատախազություն՝ պահանջելով վերսկսել գործի քննությունը, սակայն հոկտեմբերի 31-ին մերժում են ստացել, որից հետո ԽԱՊԿ-ը նախաձեռնել է դատական բողոքարկման գործընթաց: Այսպես՝ նոյեմբերի 28-ին լրագրողները բողոք են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այստեղ դատական նիստեր են կայացել դեկտեմբերի 7-ին, 2019-ի հունվարի 24-ին, փետրվարի 15-ին, ապրիլի 3-ին: Իսկ ապրիլի 4-ին առաջին ատյանի դատարանը մերժել է Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշման դեմ ներկայացված՝ տուժող լրագրողների բողոքը։ 

ԽԱՊԿ-ի աջակցությամբ լրագրողները մայիսի 8-ին դիմել են վերաքննիչ ատյան, որտեղ հունիսի 10-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը, հաջորդը նշանակվել է հուլիսի 3-ին:

 

Հարակից Հոդվածներ