2017 թ. սեպտեմբերի 4-ին «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աջակցությամբ դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով իր հանդեպ հնչեցված սպառնալիքի ու վիրավորանքի դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ոստիկանության և դատախազության որոշումները։
Այսպես, մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում Հռիփսիմե Ջեբեջյանն արձանագրել է բաց քվեարկության դեպքեր։ Նկատելով, որ ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցույց են տալիս «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանին, լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչու են հատկապես իրեն քվեաթերթիկը ցույց տալիս։ Հարցից Արայիկ Գևորգյանը վրդովվել է. «Շա՞ռ ես անում», – ասել է նա ու սկսել ձեռքերը թափահարել, գոռգոռալ, սպառնալ եւ վիրավորել լրագրողին. «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի հլը …»։
Գործով դատական նիստեր են տեղի ունեցել 2017-ի սեպտեմբերի 23-ին, հոկտեմբերի 6-ին և 17-ին, իսկ նոյեմբերի 17-ին դատարանը մերժել է բողոքը՝ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստի բացակայության հիմնավորմամբ: Հռիփսիմե Ջեբեջյանը բողոքով դիմել է վերադաս ատյան: 2018թ. հունվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է լրագրողի բողոքը: Մարտի 29-ին Հռիփսիմե Ջեբեջյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մայիսի 25-ին Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի բողոքը՝ վերաքննիչ և առաջին ատյանների ակտերի վերաբերյալ։