2012 թ., տարեկան զեկույց
Համառոտ ամփոփում
2012 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Սույն հետազոտությունը 2011 թվականին ԽԱՊԿ-ի կատարած նույնանման աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Սակայն նախորդ մոնիտորինգների համեմատությամբ՝ 2012 թվականին ուսումնասիրված կայքերի քանակը զգալիորեն մեծացավ։ Եթե նախկինում հետազոտվել է 38 պետական մարմնի պաշտոնական կայք, ապա այժմ դրանց թիվը հասավ 52-ի։ Այս բոլորը դիտարկվել են միասնական մեթոդաբանությամբ, որը ներկայացված է սույն զեկույցի համապատասխան բաժնում։
Այդ 52 կայքերը բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների 35 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում (այսուհետ՝ մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերը:
Այս բոլոր կայքերի գնահատման չափանիշներ դարձան հրապարակված տեղեկությունների քանակական եւ որակական բնութագրիչները, մասնավորապես.
- պահանջված տեղեկության առկայությունը / բացակայությունը,
- տեղեկության ամբողջականությունը,
- hրատապությունը (օպերատիվությունը),
- մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):
Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, այնուհետեւ՝ վերջնական կշռի գործակիցը, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Այս գործակցի նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշը:
Հաշվի առնելով ստացված տվյալների համադրելիությունը՝ առաջին 2 խմբի` պետական կառավարման մարմինների (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ) եւ մարզպետարանների կայքերի համար կազմվել են տեղեկատվական թափանցիկության վարկանիշային առանձին աղյուսակներ: Վերը նշված երրորդ խմբի համար վարկանիշային աղյուսակ կազմված չէ, քանի որ այդ մարմինների գործառույթները, հետեւաբար նաեւ՝ մոնիտորինգի ընթացքում ստացված տվյալները համադրելի չեն: