2022 թվականի երկրորդ եռամսյակն առանձնահատուկ էր ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունների քանակի աճով․ գրանցվել է 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը (11 տուժող) տեղի են ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելու ընթացքում։ Ուշագրավ է, որ այդպիսի դեպքերի թիվը 3-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվածները, երբ երկրում հետպատերազմյան և նախընտրական թեժ քաղաքական պայքար էր ընթանում, որն իր հերթին ուղեկցվում էր լրագրողների և օպերատորների վրա հարձակումների ակտիվացմամբ։
Եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել թե տեղական լրագրողական կազմակերպությունները, թե միջազգային կառույցները՝ կոչ անելով իրավապահ մարմիններին՝ չկիրառել անհամաչափ ուժ, չխախտել իրենց պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները։
Դիտարկվող ժամանակահատվածում հեղինակավոր միջազգային կառույցները հրապարակեցին նաև իրենց տարեկան զեկույցները, որոնցում տեղ գտան հայաստանյան լրատվամիջոցներին վերաբերող գնահատականներ։ Մասնավորապես, «Freedom House»-ի՝ «Ազգերն անցումային շրջանում-2022» զեկույցում Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ մամուլը, ընդհանուր առմամբ, կրկին որակվել է բևեռացված։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում էլ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, մամուլի ազատության առումով բարելավել է դիրքերը՝ 63-րդ հորիզոնականից հասնելով 51-րդին։ Այդուհանդերձ, երկու զեկույցներում էլ մտահոգություն է հայտնվում մեդիային վերաբերող օրենսդրության նոր փոփոխությունների առնչությամբ, որոնք չեն նպաստում մամուլի ազատությանը և հաճախ հակասում են եվրոպական նորմերին։
Այս առումով հատկապես խնդրահարույց էին այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումը, վիրավորանքի ու զրպարտության համար քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոխհատուցումների վերին շեմերի եռապատկումը, լրագրողներին պետական մարմիններում հավատարմագրումից զրկելու հնարավորության ներմուծումը, ինչպես նաև՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթը, որի ընդունումն էլ ավելի կխճճեր իրավիճակը հեռարձակման ոլորտում, դրա կարգավորման գործընթացում սուբյեկտիվության և կամայականությունների լայն դաշտ կստեղծեր։
Այս ռեգրեսիվ միտումները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես եկան մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր իշխանությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների գործակցություն՝ միտված համատեղ ջանքերով Հայաստանում ինֆորմացիոն ոլորտի զարգացման և մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ մշակելուն։ Արդյունքը եղավ այն, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորություն ստանալով 10 գործընկեր կազմակերպությունների կողմից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկեց վերոնշյալ հայեցակարգի մշակումը, ինչը հիմք կհանդիսանա ապագա օրենսդրական փոփոխությունների համար։
Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 24 խախտում, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների (առանց ֆիզիկական բռնությունների)՝ 11 դեպք։ Շարունակվել է նաև ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների ներկայացվող դատական հայցերի հոսքը․ գրանցվել է այդպիսի 8 նոր գործ՝ մեկով ավելի, քան նախորդ եռամսյակում։
ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ
Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաև ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ