Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2025թ. առաջին եռամսյակային զեկույց

2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների  56 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը՝ տարբեր այլ ճնշումներ, 29ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարաբնույթ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից՝ 25 դեպքից 18-ում։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները գերակշռում են նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հայցերով դատարան դիմողների շրջանում։ Դիտարկվող ժամանակահատվածում 15 նոր հայցից 12-ը ներկայացրել են պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Ճնշումներն ընդհանուր առմամբ դրսևորվել են լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքով, սպառնալիքներով ու վիրավորանքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ երբեմն այդպիսի դեպքերին հաջորդել են նաև դատական հայցերն ընդդեմ ԶԼՄ-ների կամ դրանց աշխատակիցների։ Այս առումով հատկապես աչքի է ընկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, բացի լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելուց, նաև 4 նոր դատական հայց է ներկայացրել նրանց դեմ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ  վերաբերմունք են դրսևորել ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը և այլոք։

ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 2 դեպքերը նույնպես տեղի են ունեցել Ազգային ժողովում, երբ նրանց դեմ ուժ են կիրառել անվտանգության ծառայության աշխատակիցները։
Մարտի 30-ին՝ Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների օրը, լրագրողները ճնշումների են ենթարկվել նաև քաղաքացիների կողմից։

Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկվող եռամսյակի ընթացքում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները (29 դեպք` նախորդ տարվա 41-ի դիմաց), այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել են փաստեր, երբ պետական մարմինները անհիմն մերժել են տեղեկությունների տրամադրումը (7 դեպք), ուշացրել են պատասխանը (1 դեպք), թերի կամ ընդհանրական, ոչ պատշաճ պատասխաններ են տրամադրել (13 դեպք) կամ պարզապես անարձագանք են թողել հարցումները (8 դեպք)։
Առաջին եռամսյակի ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 12-ը պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից են, 1-ը՝ քաղաքացու, 2-ը՝ լրատվական գործակալության։ Ընդ որում, վերջին երկու հայցերը հեղինակային իրավունքի պաշտպանության հիմքով են, իսկ հայցվորը «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունն է։ Մնացած 13 հայցերը զրպարտության և վիրավորանքի հիմքով են։

 

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.