Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2019թ. առաջին կիսամյակի զեկույց

2019 թվականի առաջին կիսամյակին հրապարակված միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանում խոսքի ազատության վիճակին վերաբերող գնահատականները էապես տարբերվեցին։ Այսպես, ապրիլի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում աննախադեպ առաջընթաց արձանագրեց Հայաստանում. երկիրը 19 կետով բարելավեց իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում: Իսկ արդեն հունիսի 5-ին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց «Ազատությունը և մեդիան. վարընթաց պարույր 2019» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում, 2017 թվականի համեմատ, մեդիա ոլորտում առաջընթաց չի գրանցվել, սակայն երկրում իշխանության եկած ուժերն «ավելի հակված են ընդունել ազատ մամուլի քննադատությունը, քան նախկինները»։

2019 թ. առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Դրանց թիվը հասել է 56-ի, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում 10 էր։ Ընդ որում՝ 2019-ի գործերից մեկը ֆինանսատնտեսական վեճ է, երկուսը վերաբերում է տեղեկատվություն ստանալու իրավունքին, իսկ մնացած 53-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում լայնորեն տարածված են մնում ատելության խոսքը, կեղծ (ֆեյք) լուրերն ու մանիպուլյացիաները, որոնք հաճախ որպես քննադատություն են մատուցվում։

Լրագրողների և ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վերը նշված 56 նոր դատական գործերից 19 դեպքում հայցերը ներկայացվել են շարքային քաղաքացիների կողմից, 19 գործերում հայցվորները քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ (նաև՝ նախկին), պետական մարմիններ են, 7-ում՝ գործարարներ ու մասնավոր ընկերություններ են, 3-ում՝ ՀԿ-ներ, 2-ում՝ դատավորներ, 2-ում՝ փաստաբաններ են, 2 դատական վեճ լրատվամիջոցների և/կամ լրագրողների միջև է, ևս 2 դեպքում ԶԼՄ-ներն են դիմել դատարան՝ ընդդեմ պետական մարմինների:

Դիտարկվող ժամանակաշրջանում շարունակվել է միտումը, երբ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, հանրային այլ դեմքեր, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, վրդովվում են, վիրավորում կամ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, փորձում «դասեր» տալ նրանց։ Այսպիսի պահվածքով հատկապես աչքի է ընկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչը լրագրողական 10 կազմակերպությունների կրկնակի հայտարարությունների առիթ դարձավ։

Ընդհանուր առմամբ 2019 թվականի վեց ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների 151 խախտում, որոնցից 2-ը ֆիզիկական բռնությունների դեպքեր են, 83-ը՝ ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ, 66-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։

Առաջին կիսամյակի նշանակալի գործընթացներից էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների սեփականության վերաբաշխումը։ Եթե նախկինում ցանկացած նոր իշխանություն, վերահսկողության տակ առնելով հեռարձակման ոլորտը, պահանջում էր  հեռուստաընկերություններից սպասարկել իր շահերը կամ վաճառել կայանն առավել լոյալ ձեռնարկատերերին, ապա հիմա դա տեղի չունեցավ։ Վերաբաշխումը կատարվեց նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև, առանց նոր կառավարության միջամտության։ Դրա ակնառու օրինակն էր «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի տրոհումն ու դրա մաս կազմած լրատվամիջոցների վաճառքը տարբեր ընկերությունների, որոնց հիմնադիրները, սակայն, ասոցացվում են հեռացված իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Այս գործընթացները, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի կողմից ստեղծված կամ հովանավորվող ԶԼՄ-ները որպես քարոզչամիջոց օգտագործելն էլ ավելի բևեռացրին տեղեկատվական դաշտը՝ բաժանելով այն զանազան ճամբարների։ Սրանով պայմանավորված՝ հրատապ է դարձել ԶԼՄ-ների սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկության խնդրի լուծումը, ինչը օրենսդրական բարեփոխումներ է պահանջում։ Դիտարկվող ժամանակաշրջանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գործընկեր կազմակերպությունների՝ Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ, ավարտեց աշխատանքները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վրա, որում նախատեսված են մեխանիզմներ ոչ միայն սեփականության թափանցիկության ապահովման, այլև հեռարձակման ոլորտում հարաբերությունները արդիականացնելու, մրցակցությունը զարգացնելու համար։ Օրինագիծը ներկայացվել է խորհրդարան և դրվել է լայն քննարկման։

ԽԱՊԿ-ն ապրիլ ամսվա ընթացքում ԱԺ երեք խմբակցություններին էր ներկայացրել նաև երեք նախագիծ՝ «Գնումների մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Դրանք նպատակաուղղված են նշված օրենքներում տեղեկատվության ազատության և լրագրողների գործունեության անհիմն սահմանափակումները վերացնելուն։ Նախագծերից առաջին երկուսը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դրեց շրջանառության մեջ։ Հունիսի 4-ին կայացած ԱԺ նիստին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ Մյուս երկուսը քննարկման փուլում են։

Դիտարկվող ժամանակաշրջանում ԽԱՊԿ-ը շարունակել է հետևել լրագրողների և օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) և 2016թ. հուլիսի 29-30-ին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերին։ Դրանցից առաջինը 2019-ի մարտի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ Ապրիլի 2-ին ԽԱՊԿ-ի փաստաբանը, պաշտպանելով տուժած լրագրողների շահերը, բողոք ներկայացրեց ՀՀ դատախազություն, որը ապրիլի 15-ին վերացրեց ՀՔԾ-ի որոշումը և հանձնարարեց այդ ծառայությանը վերսկսել նախաքննությունը։ Ինչ վերաբերում է անցած տարի կասեցված «Սարի թաղի» գործին, ապա դրա առնչությամբ կայացրած ՀՔԾ-ի որոշումը տուժած լրագրողները, ԽԱՊԿ-ի աջակցությամբ, բողոքարկում են դատական կարգով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 4-ին մերժում ստանալուց հետո մայիսի 8-ին բողոք ներկայացվեց վերաքննիչ ատյան, որտեղ քննությունը շարունակվում է։

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով՝ ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ