Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2019թ. տարեկան զեկույց

2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով։ Տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։ Դրանց գերակշիռ մասը՝ 89-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի, մի դեպքում էլ՝ ընդդեմ կառավարության։ 

Դատական հայցերի այս մեծ հոսքը մեծապես պայմանավորված է այն իրողությամբ, որ հետհեղափոխական Հայաստանում սրվել է լրատվամիջոցների բևեռացումը, դրանց բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, ինչի հետևանքով շատ ԶԼՄ-ներ վերածվել են քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը և հետին պլան մղելով հանրային շահը։ Սա զուգորդվում է կեղծ (ֆեյք) լուրերի տարածմամբ, փաստերի միտումնավոր խեղաթյուրմամբ, ապատեղեկատվությամբ, և այս ամենը դրդում է հասարակության տարբեր խավերի մարդկանց՝ ԶԼՄ- ների հրապարակումների առնչությամբ հայցով դիմել դատարան։

2019-ի ընթացքում շարունակվել է միտումը, երբ տարբեր պաշտոնյաներ, քաղաքական հայտնի դեմքեր անհարգալից կամ խտրական վերաբերմունք են դրսևորել իրենց պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ, կամ անհանդուրժողականություն են ցուցաբերել լրատվամիջոցների ու դրանց ներկայացուցիչների հանդեպ։ Նման պահվածքով հատկապես աչքի է ընկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչը լրագրողական 10 կազմակերպությունների կրկնակի հայտարարությունների առիթ է դարձել, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը և այլք։

Ի տարբերություն հեղափոխական 2018 թվականի, երբ գրանցվել էին մեծ թվով  ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ, 2019-ին դրանց թիվը կտրուկ նվազել է. գրանցվել է 4 դեպք` նախորդ տարվա 21–ի դիմաց։ Սակայն կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների ցուցանիշը ևս աճ է գրանցել. 2019-ին այն կազմել է 108՝ նախորդ տարվա 98-ի դիմաց։

2019 թվականի նշանակալի գործընթացներից էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների սեփականության վերաբաշխումը։ Այդ գործընթացը տեղի ունեցավ նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև, առանց նոր կառավարության միջամտության։ Դրա ակնառու օրինակն էր «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի տրոհումն ու դրա մաս կազմած լրատվամիջոցների վաճառքը տարբեր ընկերությունների, որոնց հիմնադիրները, սակայն, ասոցացվում են հեռացած իշխանությունների կամ դրանց ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, կրկնակի վաճառվեց նաև նախկին Հ3 հեռուստաընկերությունը, որը սեփականատիրոջ առաջին փոփոխումից հետո եթեր դուրս եկավ «MoTV» անվամբ, իսկ հետո, երբ բաժնետոմսերի ամբողջ փաթեթն անցավ «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին, վերանվանվեց «Նոր Հայաստան»-ի:

Դիտարկվող ժամանակահատվածում լրագրողական հանրության մտահոգությունն առաջացրեցին Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մի շարք օրինագծեր։ Բացի դրանց գաղափարների և բովանդակության խիստ վիճահարույց լինելը, դժգոհության առիթ դարձավ նաև այդ փաստաթղթերի մշակման ու առաջադրման գործընթացը՝ առանց քաղաքացիական հասարակության շահագրգիռ կառույցների մասնակցության և դրանց հետ քննարկման։ Այդպիսին է, օրինակ, Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակած և պաշտոնական e-draft.am կայքում տեղադրած՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով փորձ է կատարվում անընդունելի հիմնավորմամբ սահմանափակելու բնապահպանական բնույթի տեղեկատվությունը։

Խիստ մտահոգիչ է նաև Արդարադատության նախարարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այստեղ էլ, ի թիվս այլի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Մինչդեռ գործող օրենքի համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերությանը արգելվում է գովազդով զբաղվել։ Այս առնչությամբ լրագրողական 10 կազմակերպություններ ս․ թ․ դեկտեմբերի 13-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշեցին, որ առաջարկվող փոփոխությունը ոչնչով չարդարացված քայլ է և որ այն պայմանավորված չէ հանրային պահանջով։

Տեղեկատվության ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական գործընթացներից ուշագրավ էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մշակած և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը՝ 2019թ․սեպտեմբերի 10-ին։ Ըստ այդմ՝ հանվեցին նախորդ իշխանությունների սահմանած՝ քաղաքապետարանում ԶԼՄ-ների գործունեության անհիմն սահմանափակումները և օրենսդրորեն ամրագրվեց, որ լրագրողները կարող են ըստ պատշաճի ելումուտ անել քաղաքապետարան, ներկա գտնվել ավագանու նիստերին և ազատորեն լուսաբանել դրանք։

Թեև հետհեղափոխական շրջանում ԶԼՄ-ները ազատ են նոր իշխանության միջամտություններից և վերահսկողությունից, այդուհանդերձ, շարունակում են մնալ տարբեր քաղաքական ուժերի ազդեցության տակ։ Այս առումով խիստ հրատապ է լրատվամիջոցների սեփականության և ընդհանրապես ֆինանսավորման թափանցիկության հարցը, ինչի մասին խոսեց նաև երկրի վարչապետը՝ տարեվերջին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված նախաամանորյա ընդունելության ժամանակ։ Այս խնդիրը կարող է կարգավորվել օրենսդրական փոփոխություններով։ Մասնավորապես՝ հեռարձակման ոլորտում սեփականության թափանցիկության ապահովման մեխանիզմներն առաջարկված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծում, որը մշակել են լրագրողական 3 կազմակերպությունները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, և որը հուլիս ամսից գտնվում է Ազգային ժողովում։

2019-ի տարեվերջի նշանակալի իրադարձություններից էր այն, որ «Ա1+» հեռուստաընկերությունը դիմեց ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել 2003 թվականին ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող ակտերը, որոնցով խախտվել է հեռուստաընկերության հեռարձակում ունենալու իրավունքը։

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ

 

Հարակից Հոդվածներ