Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2022թ. տարեկան զեկույց

2022 թվականը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար եղել է լարված տարի՝ պայմանավորված Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, Արցախյան հակամարտության հետ կապված լուրջ սրացումների, ներքաղաքական լարվածության և բողոքի ակցիաների, այլ էքստրեմալ իրադարձությունների լուսաբանման խնդիրներով։ Իրավիճակը բարդանում էր նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող բռնություններով և տարատեսակ այլ ճնշումներով ու խոչընդոտումներով։ Այս միջադեպերի քանակական պատկերն ալիքաձև է՝ իր վերելքներով ու վայրէջքներով։
Այսպես՝ առաջին եռամսյակի ընթացքում, որը համեմատաբար հանդարտ էր, գրանցվել է 1 բռնության և 12 այլ ճնշումների  դեպք։ Երկու ցուցանիշներն էլ պակաս են 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համապատասխան տվյալներից։ Արձանագրվել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 45 խախտում, ինչը եռակի ավելի էր, քան 2021-ի նույն ժամանակահատվածում։ Երկրորդ եռամսյակի ընթացքում կիրառված ֆիզիկական բռնությունների դեպքերի կտրուկ աճ է գրանցվել․ 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս։ Բացի այդ, գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 24 խախտում, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների՝ 11 դեպք։ Երրորդ եռամսյակում գրանցվել է ֆիզիկական բռնությունների 2 դեպք՝ 3 տուժողով, չորրորդում՝ ոչ մի դեպք։ Այլ տիպի ճնշումների քանակը, այդ թվում՝ դատական հայցերի տեսքով համապատասխանաբար18 և 14 է, տեղեկությունների ստացման իրավունքի խախտումներինը՝ 20 և 26։ Ինչպես տեսնում ենք, բացի ֆիզիկական բռնությունների դեպքերից, մյուս բոլոր ճնշումների ու ԶԼՄ իրավունքների խախտումների ինտենսիվությունը տարվա ընթացքում պահպանվել է։

Մտահոգիչ են մնում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեության խոչընդոտումների, արհամարհական ու վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահների կողմից։ Դրանք որպես կանոն մնում են անհետևանք։
Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք դարձան նաև դրանք լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝  ՀՀ սահմանամերձ Սոթք բնակավայրում հակառակորդը թիրախավորել էր լրագրողական խմբի և կրակ արձակել այդ ուղղությամբ։ Բարեբախտաբար, ֆիզիկապես տուժողներ չեն եղել։

Տարվա ընթացքում հայկական լրատվամիջոցների աշխատակիցների համար անհարկի խոչընդոտներ են ստեղծել նաև ռուս խաղաղապահները, որոնք արգելել են նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև՝ այցելությունը դեպի Լաչինի միջանցքի այն հատված, որտեղ ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Այս արգելքների պատշաճ հիմնավորումներ խաղաղապահները չեն ներկայացվել։ Արդյունքում հայաստանյան լրատվամիջոցները զրկված են եղել տեղում իրավիճակին ծանոթանալու և այն լուսաբանելու հնարավորությունից, իսկ  ադրբեջանական մամուլը խնդիրը ներկայացրել է զուտ պաշտոնական Բաքվի տեսանկյունից՝ պնդելով, թե Արցախը շրջափակման մեջ չէ, և Լաչինի միջանցքը գործում է, այդպիսով թյուրիմացության մեջ գցելով միջազգային հանրությանը։

Վերոնշյալ բոլոր դեպքերը մանրամասն ներկայացված են զեկույցի համապատասխան բաժիններում, իսկ առավել արտառոցների վերաբերյալ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ հանդես է եկել հայտարարություններով։

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև միջազգային կառույցները՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին և հատկապես իրավապահ մարմիններին՝ սատարել իրենց պարտականությունները կատարող լրագրողներին և թույլ չտալ նրանց իրավունքների խախտումներ։

Հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև մեդիա օրենսդրության հետ առնչվող խնդիրները։ Իշխանությունների կողմից առաջադրվող և ընդունվող փոփոխությունների ռեգրեսիվ միտումները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կառույցների գործակցություն։ Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորվելով 10 գործընկեր կազմակերպությունների կողմից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկել է Տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխման հայեցակարգի մշակումը։ Այս փաստաթղթի առանցքային սկզբունքները հիմք կհանդիսանան ապագա օրենսդրական փոփոխությունների համար։

Այդուհանդերձ, իշխանությունները դեռ չեն հրաժարվել առանց մասնագիտացված ՀԿ-ների հետ քննարկելու կամ միջազգային փորձագիտական եզրակացություններ ստանալու օրենսդրական փոփոխություններ իրականացնելու արատավոր պրակտիկայից։ Այդպիսի մոտեցումներով մայիսի 25-ին ընդունվեցին «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ՝ լրագրողների հավատարմագրմանը վերաբերող դրույթում, իսկ դեկտեմբերի 22-ին պաշտոնական e-draft.am կայքում տեղադրվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։

Որպես դրական գործընթաց ԽԱՊԿ-ը նշում է այն, որ լրագրողական և իրավապաշտպան հանրության հիմնավոր քննադատություններից հետո իշխանությունները հրաժարվեցին 2021թ․ ընդունած՝ «ծանր վիրավորանքի» համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական դրույթներից, և որոշվեց դրանք հանել Քրեական օրենսգրքի նոր տարբերակից։

2021թ․ համեմատ գրեթե կրկնակի նվազել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական հայցերի քանակը, այդուհանդերձ, այն բավական մեծ է․արձանագրվել է 32 նոր գործ։ Դրանց գերակշիռ մասը՝ 30-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով են, որը վերաբերում է վիրավորանքին ու զրպարտությանը։ Իսկ 2 դեպքում լրատվամիջոցները հանդես են գալիս որպես երրորդ կողմ՝ հեռուստաընկերություններն ընդդեմ ՀՌՀ-ի դատական հայցերով։ Վերջիններիս առիթը ՀՌՀ կազմակերպած մրցույթներն են, որոնց արդյունքում լիցենզիա չեն ստացել «Հայկական երկրորդ հեռուստաալիքն» ու «Երկիր Մեդիան»։ Սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հեղինակազորումը նրանց թույլ է տալիս շարունակել գործունեությունը և հեռարձակվել մալուխային կամ այլ տեխնոլոգիական միջոցներով։

2022 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակված զեկույցում Հայաստանը մամուլի ազատության առումով, նախորդ տարվա համեմատ, բարելավել է դիրքերը՝ 63-րդ հորիզոնականից հասնելով 51-րդին։ Իսկ «Article 19» կազմակերպության զեկույցի համաձայն՝ խոսքի ազատության առումով ՀՀ-ն դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների մեջ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Ի դեպ, Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ վերջիններս դասվում են ճգնաժամային երկրների շարքին։ «Freedom House» կազմակերպության «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցում էլ Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքին՝ ստանալով 74 միավոր, ինչը  3-ով ավելի է, քան 2021-ին:

Զեկույցն ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ