Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2023թ. երկրորդ եռամսյակային զեկույց

18 տարատեսակ ճնշումների, 24 տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտման և ոչ մի ֆիզիկական բռնության դեպք։

2023թ․ երկրորդ եռամսյակն առանձնանում է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների ներկայացված նոր դատական գործերի քանակի աճով. առաջին եռամսյակի համեմատությամբ դրանց թիվը 9-ից հասել է 16-ի։ Արձանագրվել է նաև 2 դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը կամ դրսևորվել անբարեհաճ վերաբերմունք։
Դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 11-ը, իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից են ներկայացվել։ Որպես կանոն, անտեսվում են տեղեկատվական վեճերը արտադատական մեխանիզմներով լուծելու հնարավորությունները, ինչը վկայում է, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հաճախ նպատակ են հետապնդում ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, «հաշիվ մաքրել» նրանց հետ։ Դրա ցցուն օրինակներից է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի աննախադեպ դատական գործընթացը, երբ դատարանը բավարարեց վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված առավելագույն փոխհատուցման՝ 9 միլիոն դրամի չափով հայցի ապահովում կիրառելու հայցվորի պահանջը և արգելանք դրվեց պատասխանողների բանկային հաշիվների վրա։ Այս առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ մայիսի 12-ին հանդես եկան հայտարարությամբ, ինչի արդյունքում դատարանի այդ որոշումը վերանայվեց և կալանքը բանկային հաշիվների վրայից հանվեց։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակների ընթացքում, երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտի հարաբերական անդորրով, բողոքի զանգվածային ակցիաների ու դրանց հետ կապված էքստրեմալ իրավիճակների բացակայությամբ պայմանավորված, չի գրանցվել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք։
Մտահոգիչ են մնում տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները։ Հատկապես, երբ պետական մարմինները երկակի մոտեցումներ են ցուցաբերում այս կամ այն տեղեկությունը տրամադրելիս, անհարկի մերժում կամ ձգձգում են պատասխանները, կամ դրանք «լղոզված» բնույթի են լինում և չեն համապատասխանում հարցումների էությանը։ Նման գործելաոճով հաճախ աչքի են ընկնում Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունները, այն դեպքում, երբ ներկայումս հասարակությանն ամենաշատը հուզում են անվտանգային հարցերը։ Սա մի կողմից լրացուցիչ բարդություններ է ստեղծում լրատվամիջոցների համար, մյուս կողմից հանգեցնում է ոչ ճշգրիտ տեղեկությունների տարածմանը։ Հատկապես զավեշտալի է, երբ գերատեսչությունները պետական գաղտնիք են համարում մի տեղեկություն, որը մեկ այլ գերատեսչություն տրամադրել է։ Կամ՝ երբ 5-օրյա ժամկետի փոխարեն 30 օր են պահանջում պատասխանի համար, իսկ հետո մերժում են՝ հղում անելով պետական գաղտնիքի հանգամանքին։ Իսկ ընդհանուր առմամբ երկրորդ եռամսյակում գրանցվել է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 24 խախտում։

Եռամսյակի վերջին եթեր վերադարձավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, որը հաղթող չէր համարվել Հեռուստատեսության և ռադիոյի հայտարարած՝ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի համար լիցենզավորման մրցույթում։ Այս վերադարձը հնարավոր դարձավ  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ս. թ. մարտին իրականացված փոփոխության շնորհիվ։ «Երկիր մեդիան» կշարունակի եթերային հեռարձակումը մինչև նոր մրցույթի անցկացումը և դրա արդյունքների ամփոփումը։ Մանրամասները՝ «Լրատվամիջոցների գործունեության միջավայրը» բաժնում։

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ