Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2023թ. տարեկան զեկույց

Զանգվածային բողոքի ակցիաներ, հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներ, Արցախի հայաթափում, 100 հազարից ավելի բռնի տեղահանվածների բնակեցում Հայաստանում, Երևանում ավագանու ընտրություններ՝ նախընտրական լարված պայքարով ու հետընտրական զարգացումներով․ այսպիսին էր միջավայրը, որում գործում էին լրատվամիջոցները և իրականացնում իրադարձությունների լուսաբանումը 2023 թվականին։

Այս իրավիճակում գրանցվել են թե՛ ֆիզիկական բռնություններ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, թե՛ տարատեսակ այլ ճնշումներ՝ սպառնալիքների, ատելության արտահայտման, ոչ բարեկիրթ վերաբերմունքի տեսքով։ Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ը մտահոգիչ պատկեր է արձանագրել նաև տեղեկատվության ազատության սահմանափակումների առումով՝ պետական մարմիններից ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցումների անհիմն մերժման կամ դրանց ոչ ամբողջական, լղոզված պատասխաններ տրամադրելու փաստեր, իշխանությունների մի շարք ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով փորձ է արվել իրավական հիմքեր ստեղծել պաշտոնական տվյալների տրամադրումը սահմանափակելու համար։ Ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների նոր դատական հայցերի թվի որոշակի աճ է գրանցվել 2022 թվականի համեմատ։

Եթե այս դիտարկումների արդյունքները ներկայացնենք թվերով, ապա կստացվի հետևյալ պատկերը․

          ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 6-ն է, տարատեսակ այլ ճնշումներինը՝ 60, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 134-ն են։ Վերջին երկու դեպքում նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել։ Ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների ներկայացված դատական նոր հայցերի թիվը 36 է, որոնցից 34-ը՝ զրպարտության և վիրավորանքի, 2-ը՝ հեղինակային իրավունքի խախտման հիմքով։ Ի դեպ, դրանց գերակշռող մասը՝ 23-ը, ներկայացված են պետական մարմինների, պաշտոնյաների կամ իշխող ուժի կողմից:

2023-ի ընթացքում հայաստանյան լրագրողական հանրության և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև մեդիայի գործունեությանը վերաբերող օրենսդրության խնդիրները։
Միջազգային կազմակերպությունները՝  Freedom House, Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են իրենց ամենամյա զեկույցները՝ անդրադառնալով նաև Հայաստանում խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում արձանագրվել է իրավիճակի բարելավում, սակայն մատնանշվել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության և լրագրողների իրավունքների խախտումների անպատժելիության հետ։

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ` ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ