Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2024թ. առաջին եռամսյակային զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․ առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ  տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։ Դիտարկված ժամանակահատվածի դրական առանձնահատկություններից է այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք տեղի չի ունեցել։

Ի տարբերություն սրա, աճել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական հայցերի հոսքը։ Հունվար-մարտ ամիսներին ներկայացվել է այդպիսի 12 նոր հայց, ինչը 3-ով ավելի է 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ 12 դատական հայցերից 5-ը ներկայացվել են պետական պաշտոնյաների, 6-ը՝ գործարար շրջանակների, 1-ը՝ շարքային քաղաքացու կողմից։

Եռամսյակի ընթացքում ճնշումների վերոնշյալ 17 դեպքերը դրսևորվել են նաև լրագրողների ու օպերատորների հանդեպ անվայելուչ վերաբերմունքով, օնլայն տիրույթում սպառնալիքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով, որոնք ներկայացված են զեկույցի համապատասխան բաժիններում։ Առավել խնդրահարույց դեպքերի վերաբերյալ լրագրողական 10 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով։
Իրավիճակը մտահոգիչ է մնում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով։ Թեև փետրվարի 7-ին այս խնդիրը քննարկման առարկա է դարձել ՀՀ կառավարությունում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին պետական մարմինների պաշտոնյաներ և լրագրողական ու իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, այդուհանդերձ, գործնականում առայժմ բարելավում չի նկատվում։ Առաջին եռամսյակի ընթացքում գրանցված տեղեկատվության ազատության խնդիրները դրեևորվել են պետական մարմինների կողմից ստացված հարցումների անհիմն մերժմամբ, պատասխանների տրամադրման անհարկի ձգձգումներով և օրենքով նախատեսված ժամկետների և կարգի խախտմամբ, հարցերի էությանը չհամապատասխանող կամ դրանք շրջանցող, զուտ ձևական արձագանքներով։ Որոշ դեպքերում հարցումների հեղինակները դիմել են դատարան՝ տեղեկությունների տրամադրմանը պարտավորեցնելու պահանջով։ Դիտարկված ամիսներին ներկայացվել է 2 այդպիսի հայց։
Պաշտոնական տեղեկությունների մատչելիությունը ապահովելու տեսակետից հատկապես ուշագրավ էր գործադիր իշխանության նախաձեռնությունը փոփոխելու և արդիականացնելու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Դրա նոր նախագիծը, որը մշակել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և տեղադրել e-draft.am կայքում, տարեսկզբին սուր քննադատության արժանացավ լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից։ Թեև օրենսդրական փոփոխությունների ու լրացումների միջոցով նախատեսվում էր այս ոլորտում առավելագույնս օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ինչը, անշուշտ, դրական մոտեցում է, բայց բուն տեղեկատվության ազատության իրավունքի առումով այդ նախագիծը փորձագիտական շրջանակներում գնահատվեց որպես հետընթաց գործող օրենքի համեմատ։ Արդյունքում նախարարությունը վերափոխեց օրինագիծը և պատրաստեց մի փաթեթ, որի հիմքում «Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծն է։ Վերջինս զուգորդվում է հարակից մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների նախագծերով։ Փետրվարի 26-ից մարտի 12-ն այդ փաթեթը տեղադրվեց պաշտոնական e-draft.am կայքում։ Փորձագիտական շրջանակներից բազմաթիվ դիտողություններ և առաջարկություններ են ներկայացվել օրինագիծերը հեղինակած նախարարությանը, և մասնագիտական քննարկումները շարունակվում են։
Նույն ժամանակահատվածում աշխատանքներ են ընթացել նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ։ Համաձայն 2022 թվականի ապրիլին ստորագրված Համագործակցության հուշագրի՝ այդ աշխատանքները համատեղ իրականացնում են ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը և հուշագրին միացած լրագրողական հասարակական կազմակերպությունները։ Նախատեսվող փոփոխությունները միտված են որակյալ լրագրության տարածմանը՝ խրախուսելով մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացումն ու զարգացումը։ Փաթեթը ներկայացված է ՀՀ կառավարություն և հավանություն ստանալու դեպքում կուղարկվի Ազգային ժողով։

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ