2025թ․ երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության 1, տարատեսակ ճնշումների 19, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 23 դեպք։
Դիտարկվող ժամանակաշրջանի առանձնահատկություններից գլխավորն այն է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գերակշիռ մասը կիրառվել է իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Շարունակվել է միտումը, երբ պաշտոնյաները հրապարակայնորեն թիրախավորում են լրատվամիջոցներին կամ առանձին լրագրողների, ինչին հաջորդում է նաև նրանց դեմ դատական հայցեր ներկայացնելը։ Տեղեկատվական վեճերը դատական կարգով լուծելու ճանապարհով են գնացել, մասնավորապես, ՀՀ վարչապետը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և այլոք։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ասուլիսում լրատվամիջոցներին մեղադրել է կոռուպցիայի ու սև փողերի շրջանառության մեջ և շեշտել, որ միտումնավոր ուզում է վիրավորել նրանց։
Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ընդհանուր առմամբ ներկայացվել է 15 նոր դատական հայց․ այդ գործերից 10-ում հայցվորները պաշտոնյաներ են, մնացած 5 դեպքում՝ այլ անձինք։ Բոլոր հայցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով են։ Ի դեպ, եթե 2024 թվականի 9 ամսվա ընթացքում դատարանները վարույթ են ընդունել այդպիսի 35 հայց, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվն արդեն հասել է 45-ի։
Այդ բոլոր դատական գործերը, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների տարատեսակ խախտումները ներկայացված են զեկույցի համապատասխան բաժիններում։ Որոշ արտառոց դեպքերի (օրինակ, լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ կիրառված բռնության), ինչպես նաև ոլորտի հրատապ խնդիրների առնչությամբ լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով, փորձագիտական դիրքորոշումներ են հրապարակել Տեղեկատվական վեճերի խորհուրդն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը։ Վերջինս նաև կոչով դիմել է ԶԼՄ-ներին՝ երկրի համար հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունները լուսաբանելիս ցուցաբերել առավելագույն պատասխանատու կեցվածք, իսկ իշխանություններին՝ թույլ չտալ տեղեկատվական վակուում, որը կարող է լցվել կեղծ տեղեկություններով ու հասարակությանն ապակողմնորոշող թեզերով։ Այս կոչի առիթը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների ստորագրած խաղաղության փատաթուղթն էր, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։ Հենց այս թեման էլ դիտարկվող շրջանում եղել է քաղաքական ուժերի ու դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցների թիրախում՝ լի ապատեղեկատվությամբ ու մանիպուլյատիվ մեկնաբանություններով։
Հայաստանյան մեդիա միջավայրի բևեռացվածության փաստը արձանագրել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր օգոստոսի 12-ին հրապարակած՝ «Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ» 2024թ․ զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում, որտեղ անդրադարձ կա նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառված ճնշումներին ու բռնություններին՝ երկրում ընթացող քաղաքական շարժումների համատեքստում։
Մտահոգիչ է մնում իրավիճակը տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով․ դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է այդպիսի 23 դեպք: Դրանցից 4-ի պարագայում պատասխանի տրամադրումը անհիմն մերժվել է, 2 հարցում մնացել է անպատասխան, 7 դեպքում պատասխանը եղել է թերի (որոնցից մեկը՝ հարցմանը պատասխանելու օրենքով նախատեսված ընթացակարգի խախտումով), 9-ը՝ օրենքով նախատեսված ժամկետի խախտումով, ևս 1-ի պատասխանը եղել է հարցերի էությանը չհամապատասխանող։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ