2016 թ. առաջին եռամսյակային զեկույց (հունվար-մարտ)

2016 թ. առաջին եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել։ Այնուամենայնիվ, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների համար իրավիճակը բարենպաստ չէր, քանի որ նրանք բախվել են բազմաթիվ այլ խոչընդոտումների ու բարդությունների։

Մասնավորապես, արձանագրվել է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների 20, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք։ Քանակական առումով այս տվյալները ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը՝ համապատասխանաբար 6-ով եւ 3-ով։ Նշված 20 ճնշումներից 11-ը ԶԼՄ-ների եւ լրագրողների ներգրավվածությամբ դատական նոր գործեր են։ Ընդ որում՝ բոլորն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։

Դիտարկվող ժամանակահատվածը առանձնացավ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերով, որոնք անհիմն սահմանափակումներ էին նախատեսում ԶԼՄ-ների գործունեության համար եւ սպառնալիք էին խոսքի ազատությանը։ Այդ փաստաթղթերն անընդունելի էին հատկապես այն առումով, որ վերաբերում էին ՀՀ ընտրական օրենսգրքին ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, որոնց համապատասխան լրատվամիջոցները պետք է գործեին գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ առաջարկություններ է ներկայացրել իշխանությունների ձեւավորած աշխատանքային խմբին, որը մշակում է ընտրություններին վերաբերող նոր օրենսդրական փաթեթը, եւ հուսով է, որ դրանք հաշվի կառնվեն։

2016 թ. առաջին եռամսյակի բացասական երեւույթներից է նաեւ այն, որ սպասված վերջնական անցումն անալոգայինից թվային հեռարձակման այդպես էլ չիրականացվեց։ Մինչդեռ, ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ այս տարվա հունվարի 1-ից պետք է անջատվեր անալոգային հեռարձակումը եւ գործեր միայն թվայինը։

ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության համար անբարենպաստ է եղել նաեւ քաղաքական միջավայրը։ Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու այլ հայտնի անձինք արհամարհական ու վիրավորական, նույնիսկ ատելության հասնող արտահայտություններ են թույլ տվել լրագրողների հասցեին։ Դրանցից առավել արտառոց միջադեպերի կապակցությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր 9 կազմակերպությունների հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել։

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ