Ծրագրեր

ԽԱՊԿ գործունեության գլխավոր ուղղությունը Հայաստանում խոսքի ազատության վիճակի մշտադիտարկումն է, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների բացահայտումն ու դրանց արձագանքելը, ստացված տվյալների հիման վրա պարբերական զեկույցների հրապարակումը։ ԽԱՊԿ-ը նաև գործնական քայլեր է իրականացնում ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար, այդ թվում՝  դատական ատյաններում։ Կոմիտեի գործունեության կարևոր ուղղություններից է ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության կատարելագործումը։ Այդ նպատակով նախապատրաստվում են օրենքների նախագծեր և առաջարկությունների փաթեթներ, որոնք ներկայացվում են խորհրդարան։

2024 թվականի մայիսի 1-ին ԽԱՊԿ-ը սկսել է երկամյա ծրագիր, որը վերջին տարիներին «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացվող գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Մասնավորապես՝ նախատեսվում է մշակել Հայաստանի մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, որում ամրագրված սկզբունքների հիման վրա կմշակվեն միջազգային չափանիշներին համապատասխանող նոր օրինագծեր: Այդ աշխատանքները կիրականացվեն գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ինչպես նաև Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության գործակցությամբ։ Ծրագրի շրջանակներում ԽԱՊԿ-ը կշարունակի դիտարկել իրավիճակը խոսքի ազատության ոլորտում, այդ թվում՝ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները, և ստացված տվյալների հիման վրա կպատրաստի ու կհրապարակի պարբերական զեկույցներ։ Իրավական մեխանիզմների միջոցով քայլեր կձեռնարկվեն լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Կշարունակվի Տեղեկատվական վեճերի խորհրդի գործունեությունը, որը ուսումնասիրում և վերլուծում է ոլորտում ծագող տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ, այդ թվում՝ լրատվամիջոցներին վերաբերող դատական ​​գործերը, և ընդունում է փորձագիտական ​​եզրակացություններ։ Այդ փաստաթղթերն ուղարկվում են վեճի կողմերին, հրապարակվում են նաև ՏՎԽ կայքում։

2023 թվականի նոյեմբերի 5-ին ԽԱՊԿ-ը սկսել է մի ծրագիր, որը ենթադրում է ԶԼՄ-ների պաշտպանության հիմնադրամի ստեղծում և գործարկում: Այս նախագիծը Հայաստանում մեդիայի զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացվում է «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Զինք նեթվորքի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ: Լրատվամիջոցների պաշտպանության հիմնադրամը ստեղծվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին և ներկայումս գործում է 4 հիմնական ուղղություններով՝ 1) դատարաններում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանություն, 2) լրագրողներին և լրատվամիջոցներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում, 3) դասընթացների անցկացում` ուղղված լրագրողների իրավական գիտելիքների բարելավմանը, 4) լրագրողների և ԶԼՄ-ների դեմ դատական ​​գործերի մշտադիտարկում, դրա արդյունքների հիման վրա վերլուծական զեկույցների պատրաստում, հրապարակում և ներկայացում լայն հանրությանը։

2023թ հուլիսի 15-ից մինչև 2024 թ փետրվարի 28-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Կանադայի կառավարության Տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է  «Դատական ​​պրակտիկայի բարելավման անհրաժեշտությունը՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ներկայացված հայցերը քննելիս» ծրագիրը։  Ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական ​​գործերի մշտադիտարկման հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց, որը հրապարակվել է ԽԱՊԿ-ի khosq.am կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև մամուլի ասուլիսի միջոցով ներկայացվել հանրությանը։ Մոնիտորինգի արդյունքների և զեկույցի փորձագիտական ​​քննարկման համար անցկացվել է ամփոփիչ կլոր սեղան: Ծրագրի շրջանակներում թողարկվել են նաև 3 կարճամետրաժ ֆիլմեր լրագրողների և լրատվամիջոցների դեմ ամենաաղմկահարույց դատական ​​գործերի վերաբերյալ։ Այս ֆիլմերը տեղադրված են ԽԱՊԿ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև՝ «Ա1+» առցանց հեռուստաընկերության յութուբյան ալիքում։

2022թ հունիսի 1-ից մինչև 2023թ հունվարի 31-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացրել է «Դատական գործեր ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով» ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում իրականացվել է լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական ​​գործերի մոնիտորինգ, պատրաստվել է վերլուծական զեկույց, որը հրապարակվել է ԽԱՊԿ-ի khosq.am կայքում, ֆեյսբուքյան էջում և ներկայացվել հանրությանը մամուլի ասուլիսի միջոցով։ Մոնիտորինգի արդյունքների և զեկույցի փորձագիտական ​​քննարկման համար անցկացվել է ամփոփիչ կլոր սեղան: Թողարկվել են նաև 5 կարճամետրաժ ֆիլմեր լրագրողների և լրատվամիջոցների դեմ ամենաաղմկահարույց դատական ​​գործերի վերաբերյալ։ Այս ֆիլմերը հրապարակվել են ԽԱՊԿ-ի յութուբյան ալիքում, khosq.am կայքում, ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև «Ա1+» առցանց հեռուստաընկերության յութուբյան ալիքում։

2022թ մայիսի 1-ից մինչև 2024թ ապրիլի 30-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է Հայաստանում մեդիայի ոլորտում բարեփոխումների ջատագովության ծրագիրը, որը նախատեսում էր խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների գործունեության միջավայրի մշտադիտարկում, ինչպես նաև՝ եռամսյակային և տարեկան զեկույցների հրապարակում։ Գործնական քայլեր են ձեռնարկվել նաև լրատվամիջոցների աշխատակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում և դատարաններում։ Ծրագրի կարևորագույն բաղադրիչը մեդիա օրենսդրության բարելավմանն ուղղված առաջարկների մշակումն ու խորհրդարան ներկայացնելն էր: Շարունակվել է Տեղեկատվական վեճերի խորհրդի գործունեությունը․ընդունվել են ավելի քան 20 փորձագիտական ​​եզրակացություններ լրատվամիջոցների մասնակցությամբ տարբեր կոնֆլիկտային իրավիճակների և դատական ​​գործերի վերաբերյալ։ ԽԱՊԿ-ի գործունեության նոր ոլորտը եղել է երկրի սոցիալ-քաղաքական խնդիրների վերաբերյալ տեսալսողական արտադրանքը: Երկու տարվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տեխնիկական աջակցությամբ թողարկվել են ամենշաբաթյա շուրջ 80 «Մենախոսություն» և «Զրույց բոլորի համար» հաղորդաշարերը։

2020թ․ մայիսի 1-ից 2022թ․ ապրիլի 30-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է ծրագիր, որը նախատեսում էր Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության միջավայրի մշտադիտարկում, եռամսյակային և տարեկան զեկույցների պատրաստում և հրապարակում, ինչպես նաև՝ մեդիա ոլորտի զարգացմանն ու բարելավմանն ուղղված օրենսդրական առաջարկների մշակում և ներկայացում Ազգային ժողով։ Ծրագրի շրջանակներում վերականգնվել է Տեղեկատվական վեճերի խորհրդի գործունեությունը, որը դադարեցվել էր 5 տարի առաջ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Խորհուրդը, որի կազմում ԶԼՄ ղեկավարներ են, մեդիա փորձագետներ և իրավաբաններ, ուսումնասիրում է լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ և դատական գործեր, դրա հիման վրա նախապատրաստում և հրապարակում է եզրակացություններ։ Անցկացվել են քննարկումներ՝ տեղեկատվական ոլորտում առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով։

2020թ հուլիսից 2021թ հունվար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Արդարություն լրագրողների համար» միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի մշտադիտարկում։ Այս նախագծի հրատապությունը պայմանավորված էր ԶԼՄ հրապարակումների առնչությամբ ներկայացվող դատական հայցերի աննախադեպ աճով։ Այդ առումով կարևոր էր վերլուծել, թե որ դեպքերում են հայցվորները ցանկանում «հաշիվ մաքրել» ԶԼՄ-ների հետ, որ դեպքերում են լրատվամիջոցներն իսկապես հատել թույլատրելի սահմանները, և որքանով է դատարաններին հաջողվում պահպանել հավասարակշռությունը խոսքի ազատության և պատվի, արժանապատվության պաշտպանության, այսինքն՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 8-րդ կետերի միջև։ Մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց ինֆոգրաֆիկաներով։ Փաստաթուղթը ներկայացվել է հանրությանը մամուլի ասուլիսի միջոցով, տեղադրված է ԽԱՊԿ կայքում և ֆեյսբուքյան էջում։ Ծրագրի շրջանակներում պատրաստվել է նաև 7-8 րոպեանոց 5 տեսանյութ՝ ԶԼՄ-ների և լրագրողների մասնակցությամբ առավել աղմկահարույց դատական գործերի վերաբերյալ։

2019 թ. հունիսից 2020թ․ հուլիս ԽԱՊԿ-ը  Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացրել է «Լրագրողների իրավունքների պաշտպանություն և հակազդեցություն եվրոպական արժեքները վարկաբեկող ԶԼՄ-ների հրապարակումներին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է մի շարք հայկական և ռուսական լրատվամիջոցների մշտադիտարկում՝ ԶԼՄ-ներում ատելության խոսքի, քարոզչության տարբեր ձևերի, բացասական կարծրատիպերի վերհանման նպատակով։ Ստացված արդյունքների հիման վրա կպատրաստվի փորձագիտական եզրակացություն՝ համապատասխան առաջարկություններով։ Այս փաստաթուղթը մամուլի ասուլիսի միջոցով ներկայացվել է հանրությանը, ինչպես նաև տեղադրվել է ԽԱՊԿ կայքում և ֆեյսբուքյան էջում։ Զեկույցից բացի, մոնիտորինգի տվյալների հիման վրա ծրագրի մասնակիցները պատրաստել են 12 հոդված, որոնք հրապարակվել են ԽԱՊԿ կայքում, ինչպես նաև՝ տարբեր ԶԼՄ-ներում։ Բացի դրանից, ապահովվել է լրագրողների իրավունքների պաշտպանությունը իրավապահ մարմիններում և դատական ատյաններում, մասնավորապես՝ հասարակական հնչեղություն ունեցող երկու քրեական գործերով՝ հարուցված 2016 թ. հուլիսի 29-30-ին Երևանի Սարի թաղում և 2015 թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում (Էլեկտիկ Երևան) տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որոնցում տուժել են տասնյակ լրագրողներ։ Այս գործերի քննության անարդյունավետության պատճառով ԽԱՊԿ-ը տուժող լրագրողների անունից համապատասխան բողոքներ և կից նյութեր է պատրաստել, որոնք ուղարկվել են միջազգային ատյաններ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե։

2019 թ. մայիսից 2020թ․ մայիս ԽԱՊԿ-ը «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է ծրագիր, որը նախատեսում է ԶԼՄ-ների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունն ապահովող օրենսդրական առաջարկների մշակում։ Զուգահեռաբար իրականացվել է խոսքի ազատության վիճակի մշտադիտարկում, արձանագրվել են լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների դեպքերը։ Հավաքված փաստերի հիման վրա պատրաստվել են եռամսյակային զեկույցներ, որոնք հանրությանն են ներկայացվել մամուլի ասուլիսների ու առանձին հրապարակումների միջոցով, ինչպես նաև տեղադրվել են ԽԱՊԿ կայքում և ֆեյսբուքյան էջում։

2018 թ. հուլիսից 2019-ի հուլիս ԽԱՊԿ-ը «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է «Տեղեկատվության ազատության եւ լրատվամիջոցների գործունեության ոլորտներում ռեգրեսիվ օրենսդրական սահմանափակումների հաղթահարում» ծրագիրը։ Ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ, որը պատրաստել և Ազգային ժողով է ներկայացրել մի շարք օրենքներում (մասնավորապես՝ «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և այլն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր։ Մասնագիտական խումբը պատրաստել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ։ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ քայլեր է ձեռնարկել խորհրդարանում և Կառավարությունում այս փաստաթղթերը շրջանառության մեջ դնելու համար։  Հանրային իրազեկում ապահովելու և քաղաքացիական աջակցություն ստանալու համար պատրաստվել են մի շարք հրապարակումներ, ինչպես նաև՝ 5-7 րոպեանոց ֆիլմեր՝ տեղեկատվության ազատությունը և ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող օրենսդրական դրույթների մասին։

2018 թ. փետրվարից 2019-ի հունվար ԽԱՊԿ-ը «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է «Հայաստանում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների պաշտպանության զարգացում» ծրագիրը, որը նույն հիմնադրամի կողմից 2016-2017 թվականներին ֆինանսավորված՝ նույնաբովանդակ գործունեության շարունակությունն է։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության միջավայրի մշտադիտարկում, արձանագրվել ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքների խախտումների դեպքերը։ Հավաքված տվյալների հիման վրա պատրաստվել և մամուլի ասուլիսներում հանրությանը ներկայացվել են եռամսյակային և տարեկան զեկույցներ։ ԽԱՊԿ-ը նախաձեռնել է նաև ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործնական քայլեր, այդ թվում՝ դատական ատյաններում։ Որոշ գործերի դեպքում նյութերն ուղարկվել են միջազգային կառույցներ՝ Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։

2017թ. փետրվարից մինչեւ մայիս ԽԱՊԿ-ը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ  իրականացրել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերի և մամուլի ասուլիսների դիտարկում։ Հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել եւ հրապարակվել է երկու վերլուծական զեկույց։ Դիտարկման արդյունքները քննարկվել են նաև ամփոփիչ «կլոր սեղանին»:

2016 թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին ԽԱՊԿ-ը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Թվային հեռարձակման համար բարենպաստ իրավական եւ սոցիալական պայմանների ձևավորում» ծրագիրը։ Դրա շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատրաստել եւ խորհրդարան է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» երկու օրինագիծ։ Զուգահեռ իրականացվել է նաև թվային հեռարձակմանն անցում կատարելու գործընթացի, ծագած խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ երկրի մարզերի բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելուն ուղղված արշավ։ Այդ նպատակով պատրաստվել է 9 հեռուստահաղորդում (թոք շոու), որոնք հեռարձակվել են տեղական հեռուստաընկերությունների եթերում: Թվայնացման խնդիրները քննարկվել են նաեւ ծրագրի ավարտին կազմակերպված «կլոր սեղանին»:

2016 թ. մայիսից մինչեւ նոյեմբեր ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է «Թվային իրավունքի պաշտպանությունը նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տարածման պայմաններում» ծրագիրը, որի շրջանակներում անցկացվել է «կլոր սեղանների» շարք՝ քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության տարբեր խնդիրների վերաբերյալ։ Քննարկումների մասին նյութերը հրապարակվել են մի շարք ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ՝ ԽԱՊԿ-ի կայքում:

2015 թ. նոյեմբերից մինչև 2016 թ. հունվար ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է  ծրագիր, որով նախատեսվում էր երկու դիտարկում (մոնիտորինգ)՝ ուղղված 2015 թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքում հեռարձակող ԶԼՄ-ների գործունեության ուսումնասիրմանը։ Դրանցից մեկը նպատակ էր հետապնդում վերլուծել քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանումը՝ համապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների եթերում։ Երկրորդը՝ հետազոտել Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը՝ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին քարոզչության համար անվճար եւ վճարովի եթերաժամանակ տրամադրելիս հավասար պայմաններ ապահովելու համար: Հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել և հրպարակվել են վերլուծական զեկույցներ։ Երկու հետազոտությունների արդյունքները քննարկվել են ամփոփիչ «կլոր սեղանին»։

2015 թ. օգոստոսից մինչև 2016 թ. հունվար ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է «2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանություն» ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեն ձեռնամուխ է եղել այդ դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքի դիտարկմանը, գործնական քայլեր է ձեռնարկել տուժած լրագրողների եւ օպերատորների շահերը պաշտպանելու համար:

2015 թ. ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում անցկացրել է «կլոր սեղանների» շարք և ամփոփիչ համաժողով՝ Հայաստանում խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության հետ կապված հիմնախնդիրները քննարկելու համար։

2015 թ. փետրվարից մինչեւ հուլիս, ինչպես նաև 2014 թ. ապրիլից մինչև հոկտեմբեր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացրել է երկու ծրագիր՝ ուղղված Հայաստանի՝ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի օպտիմալացման եւ բարենպաստ տեխնիկական, օրենսդրական եւ սոցիալական պայմաններ ստեղծելուն։ ԽԱՊԿ-ի աշխատանքային խումբը պատրաստել եւ խորհրդարան է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթ, մշակվել են առաջարկություններ՝ թվայնացման հետ կապված տեխնիկական եւ սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ։ Ծրագրերի շրջանակներում իրականացվել է թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի դիտարկում և ձեռք բերված տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց։ Կազմակերպվել է նաեւ տեղեկատվական արշավ՝ թվայնացման խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես, այդ նպատակով մարզային  հեռուստաընկերություններում պատրաստվել եւ հեռարձակվել են հատուկ հեռուստահաղորդումներ (թոք շոուներ), իսկ մայրաքաղաքում կազմակերպվել են մամուլի ասուլիսներ:

2014 թ. հուլիսից մինչև 2015 թ. հունվար ԽԱՊԿ-ը «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (European Endowment for Democracy) աջակցությամբ  իրականացրել է «ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության վիճակի դիտարկում և արձագանք տեղեկատվական  ոլորտի մարտահրավերներին» ծրագիրը, որի արդյունքների հիման վրա պատրաստվել և հրապարակվել է ԽԱՊԿ-ի 2014 թ. տարեկան զեկույցը։ Ծրագրի շրջանակներում գործնական քայլեր են ձեռնարկվել ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

2014 թ. ապրիլից մինչեւ նոյեմբեր ԽԱՊԿ-ը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ անցկացրել է նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքերի դիտարկում՝ տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով։ Ձեռք բերված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց և հրապարակվել է «Պետական կայքերի բովանդակության ստանդարտացումը և տեղեկատվական բացերը»  գիրքը երեք լեզուներով`հայերեն, անգլերեն եւ ռուսերեն:

2013 թ. սեպտեմբերից մինչև 2014-ի մարտ ԽԱՊԿ-ը «Քաունթերփարթ ինթերնեշնլ- Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացված ծրագրով ԶԼՄ-ներում վիրավորանքի և զրպարտության հետ կապված դատական գործերի  մշտադիտարկում է անցկացրել։ Ստացված տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց, որը քննարկվել է ամփոփիչ «կլոր սեղանին» և տեղադրվել ԽԱՊԿ-ի կայքում։

2013 թ. փետրվարից մինչև 2014-ի փետրվար ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ իրականացրել է Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership) միջազգային նախաձեռնության շրջանակում տեղեկատվության ազատության զարգացմանն ուղղված՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկում։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա պատրաստվել և հրապարակվել են փորձագիտական եզրակացություններ և ամփոփիչ վերլուծական զեկույց։ Մշակվել են նաեւ առաջարկություններ պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացման համար: Այս առաջարկությունների մեծ մասը օգտագործվել է 2013 թ. դեկտեմբերի 26-ին «Ինտերնետ ցանցում պետական ​​մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջների հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ:

2013 թ. փետրվարից մինչև 2014 թ. հունվար «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» աջակցությամբ ԽԱՊԿ-ն իրականացրել է «ԶԼՄ-ները նախագահական ընտրությունների տարում. իրավիճակի դիտարկում և արձագանք տեղեկատվական ոլորտի մարտահրավերներին» ծրագիրը, որով խոսքի ազատության ոլորտում իրավիճակի ուսումնասիրություն է կատարվել։ Միջոցներ են ձեռնարկվել նաև՝ պաշտպանելու ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքները։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է լրատվամիջոցների հրապարակումների մշտադիտարկում՝ ատելության խոսքի բացահայտման և դրա հաղթահարման հնարավորությունների վերլուծության համար։ Ուսումնասիրությունների արդյունքները ներկայացված են ԽԱՊԿ-ի կայքի համապատասխան բաժինների վերլուծական զեկույցներում։

2012 թ. հունվարից 2013-ի հունվար  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրել է «ԶԼՄ-ները եւ 2012 թ. ընտրությունները. տեղեկատվական ոլորտի իրավիճակի հետազոտություն եւ հակազդում խոսքի ազատությանն ուղղված սպառնալիքներին» ծրագիրը։ Նախատեսված էր իրագործել երկու դիտարկում. 2012 թվականի ընտրարշավի ընթացքում մայրաքաղաքի մամուլի ակումբներում տարբեր քաղաքական ուժերի անցկացրած ասուլիսների հեռուստատեսային լուսաբանումների մոնիտորինգ, ինչպես նաեւ` ԶԼՄ-ների դեմ զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված հայցերով դատական գործերի մոնիտորինգ։ Հետազոտությունների արդյունքները ներկայացված են վերլուծական զեկույցներում, որոնք տեղադրված են ԽԱՊԿ-ի կայքի համապատասխան բաժիններում։ Ծրագրի շրջանակում պատրաստվել եւ հրապարակվել են եռամսյակային զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին, կազմակերպվել են մամուլի ասուլիսներ եւ «կլոր սեղաններ»։

2011 թ. հունվարից մինչև 2014 թ. հունվար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի» («NED», ԱՄՆ) աջակցությամբ, իրականացրել է 1-ական տարի տևողությամբ 3 ծրագիր՝  Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերն ուսումնասիրելու և դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով։ Յուրաքանչյուր տարի մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստվել են վերլուծական զեկույցներ, որոնք լույս են տեսել եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գրքերի տեսքով։

Դրանցից առաջինը վերնագրված է «Իշխանությունը եւ կառավարման թափանցիկությունը» (2011 թ.), երկրորդը՝ «Պետությունը և տեղեկատվության հասանելիությունը» (2012 թ.), երրորդը՝ «Պաշտոնական տեղեկատվության մատչելիությունից դեպի բաց կառավարում» (2013 թ.)։ 2012 թվականին մոնիտորինգն ընդգրկում էր Հայաստանի 38 պետական մարմինների կայքեր, հետագայում այդ թիվը հասավ 52-ի։ 2013-ից հետազոտությունն իրականացվում էր նոր՝ EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով (ավելի ուշ այն վերանվանվեց INFOMETR), որը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը։

2011 թ. դեկտեմբերից մինչև 2012-ի նոյեմբեր  ԽԱՊԿ-ը Նիդեռլանդների Թագավորության կառավարության` «MATRA» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզային հեռուստաընկերությունների աշխատակիցների համար կազմակերպել է դասընթացներ։ Դրանց նպատակն էր բարելավել տեղական հեռուստաընկերությունների գործունեությունը` երկրի մարզերի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուսաբանման ուղղությամբ։ Ուսուցումն անցկացվել է 10 հեռուստաընկերությունների աշխատակիցների համար։

 2011 թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացրել է խոսքի ազատության իրավիճակի ուսումնասիրության, լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության ծրագիր։ Այս նախագծի շրջանակում կատարվել է նաեւ հետազոտություն` ուղղված լրատվամիջոցների նկատմամբ թաքնված գրաքննության դրսեւորումների բացահայտմանը եւ դրանց հակազդելու միջոցների մշակմանը։ Միաժամանակ, շարունակվել է ԽԱՊԿ աշխատանքային խմբի գործունեությունը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի բարելավմանը նպաստող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի պատրաստման եւ հեռարձակման ոլորտի, այդ թվում` անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու խնդիրների հաղթահարման հնարավորությունների ներկայացման ուղղությամբ։ Համագործակցելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ԶԼՄ-ների ցանցային ծրագրի հետ՝ կատարվել է հետազոտություն եւ պատրաստվել զեկույց` Հայաստանի տեղեկատվության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ։ Այս աշխատանքը մաս կազմեց միջազգային մեծածավալ մի նախագծի, որը ԲՀՀՀ-ի նախաձեռնությամբ իրականացվել է աշխարհի 60 երկրում։

 2009 թ. դեկտեմբերից մինչեւ 2010 թ. դեկտեմբեր  ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրել է Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի հետազոտության եւ տեղեկատվական ոլորտում հանրային շահերի պաշտպանության ծրագիր: «Ֆրիդոմ հաուզ» միջազգային կազմակերպության տեղայնացված մեթոդաբանությամբ կատարվել է հայկական ԶԼՄ-ների ազատության մակարդակի հետազոտություն` հաշվի առնելով լրատվամիջոցների գործունեության իրավական դաշտը, քաղաքական եւ տնտեսական պայմանները։ Միաժամանակ` ԽԱՊԿ-ն դիտարկել է ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների դեպքերը եւ պատրաստել եռամսյակային զեկույցներ։ Բացի այս, ծրագրի շրջանակում կազմավորվել է հատուկ աշխատանքային խումբ` ուսումնասիրելու երկրում անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը։ Փորձագետների խումբը պատրաստել եւ հրապարակել է զեկույց, որը պարունակում էր առաջարկությունների փաթեթ` նպատակաուղղված թվայնացման հետ կապված իրավական, տեխնիկական եւ սոցիալական խնդիրների լուծմանը։

2009 թ. նոյեմբերից մինչեւ 2010 թ. ապրիլ  ԽԱՊԿ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացրել է երկրի մարզային ռադիոկայանների աշխատակիցների համար նախատեսված դասընթացների ծրագիր: Դրանց նպատակն էր տեղական ռադիոկայաններում հրատապ խնդիրների վերաբերյալ հասարակական-քաղաքական հաղորդումներ պատրաստելն ու հեռարձակելը: Ծրագիրն իրականացվել է Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում:

 2009 թ. սեպտեմբեր – հոկտեմբերին ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրել է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության զարգացման վերլուծության եւ գնահատման արտասահմանյան փորձի ուսումնասիրության կարճաժամկետ ծրագիր, որից հետո նախապատրաստել է այդ փորձի կիրառմամբ Հայաստանի տեղեկատվական ոլորտում հասարակական շահերի պաշտպանությանը միտված ծրագիր:

 2009 թ. հունիսից սեպտեմբեր  ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրել է Հայաստանում Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ծրագրերի մոնիտորինգ: Դրա հիման վրա ներկայացվել է հաշվետվություն, որը ներառվել է «Արեւելյան գործընկերության» անդամ 5 երկրների (Ադրբեջան, Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա) մասին միասնական զեկույցի մեջ:

2006-2009 թթ.  ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացրել է «Հասարակական շահերի պաշտպանություն՝ տարածաշրջանային  ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների գործունեության ուժեղացման միջոցով» եռամյա ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ԽԱՊԿ փորձագետները  ուսումնասիրել են տարածաշրջանային ԶԼՄ-ների գործունեությունը, դրա արդյունքներով՝ մշակել խորհուրդներ եւ առաջարկություններ, մարզերում կազմակերպել «կլոր սեղաններ»՝ մարզային ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ: Քննարկվել են խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության հրատապ խնդիրներ: Ծրագրի իրականացման առաջին երկու տարում նաեւ տեղական հեռուստաալիքներով կազմակերպվել են նույն թեմաներով հաղորդումներ: Ծրագրի շրջանակներում նաեւ կատարվել է սոցիոլոգիական հետազոտություն՝ մարզային ԶԼՄ-ների լսարանի տեղեկատվական պահանջմունքները պարզելու նպատակով, ինչպես նաեւ՝ մարզերում եւ մայրաքաղաքում ԶԼՄ-ների եւ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում փորձագիտական հարցում։ Մոնիտորինգի եւ սոցիոլոգիական ու փորձագիտական հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ ու համադրմամբ մշակվել են տեղական ԶԼՄ-ների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ: Ծրագրի ավարտին հրատարակվել է «ԶԼՄ-ները եւ հանրային շահերի պաշտպանությունը» ժողովածուն:

 2006 թ. փետրվարից մայիս Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ԽԱՊԿ-ն իրականացրել է «Հրատապ հասարակական-քաղաքական խնդիրների լուսաբանումը «Երկիր մեդիա»-ի եւ մարզային հեռուստաընկերությունների եթերում» ծրագիրը: Դրա նպատակը երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների եւ առաջատար հասարակական կազմակերպությունների տեսակետների եւ մոտեցումների լուսաբանումն էր, ինչպես նաեւ՝ հեռուստաեթերում տեղեկատվական ոլորտի, ամենից առաջ՝ ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության խնդիրների քննարկումը: Ծրագրի շրջանակներում պատրաստվել եւ «Երկիր մեդիայի» ու մարզային 10 հեռուստաընկերութուններով հեռարձակվել են «Մամուլի ակումբ» եւ «Մամուլի ակումբ+» հեռուստահաղորդաշարերը, որոնք կարճ ժամանակում բավական բարձր վարկանիշ են ձեռք բերել: Հետագայում այդ ծրագիրը շարունակել են գործընկեր կազմակերպությունները (ԵՄԱ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ):

 2006 թ. փետրվարին ԽԱՊԿ-ը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երեւանում կազմակերպել է «Հայաստանում տեղեկատվության ազատության օրենսդրական կարգավորումը եւ պրակտիկան» միջազգային սեմինարը, որին մասնակցել են լրագրողներ, պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ:

2004-2005 թթ. Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կոմիտեն իրականացրել է երկու նախագիծ, որոնց նպատակն էր Հայկական երկրորդ հեռուստաալիքի (Հ2) եթերում լուսաբանել հասարակական նախաձեռնությունները եւ տարածել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության գաղափարները:

 2003 թ. մարտին  ԽԱՊԿ-ը Բաքվի մամուլի ակումբի եւ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ իրականացրել է «Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ների օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին» տարածաշրջանային նախագիծը, որին աջակցում էր «Եվրասիա» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի համագործակցության ծրագիրը: 2003 թվականի օգոստոսից մինչեւ 2004 թվականի սեպտեմբեր նույն գործընկերների հետ եւ նույն դոնորի աջակցությամբ իրականացվել են տարածաշրջանի երեք երկրների ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման կատարելագործման գործընթացի սինխրոնացման եւ օրենսդրական բազան միջազգային չափանիշներին համապատասախանեցնելու մեծ ծրագիր: