Ծրագրեր

2012 թ. հունվարից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացնում է «ԶԼՄ-ները եւ 2012 թ. ընտրությունները. տեղեկատվական ոլորտի իրավիճակի հետազոտություն եւ արձագանքում խոսքի ազատությանն ուղղված սպառնալիքներին» ծրագիրը։ Նախատեսված է իրագործել երկու դիտարկում. 2012 թվականի ընտրարշավի ընթացքում մայրաքաղաքի մամուլի ակումբներում տարբեր քաղաքական ուժերի անցկացրած ասուլիսների հեռուստատեսային լուսաբանումների մոնիտորինգ, ինչպես նաեւ` ԶԼՄ-ների դեմ զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված հայցերով դատական գործերի մոնիտորինգ։ Ծրագրի շրջանակում կպատրաստվեն եւ կհրապարակվեն եռամսյակային զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին, կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ եւ «կլոր սեղաններ»։

2011 թ. դեկտեմբերից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Նիդեռլանդների Թագավորության կառավարության` «MATRA» ծրագրի շրջանակում, անցկացնում է Հայաստանի մարզային հեռուստաընկերությունների աշխատակիցների դասընթացներ։ Դրանց նպատակն է բարելավել տեղական հեռուստաընկերությունների գործունեությունը` երկրի մարզերի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուսաբանման ուղղությամբ։ Ուսուցումը նախատեսված է 10 հեռուստաընկերությունների համար, որոնք ներկայացնում են Հայաստանի 9 մարզերը (բացառությամբ Վայոց ձորի, որտեղ չկա հեռուստաընկերություն)։

2011 թ. հունվարից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն ժողովրդավարության՝ ազգային հիմնադրամի» («NED», ԱՄՆ) աջակցությամբ, իրականացնում է Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատող հետազոտություն (մոնիտորինգ)։ 2011 թվականի դեկտեմբերին, հետազոտության առաջին տարվա արդյունքների հիման վրա, պատրաստվեց վերլուծական զեկույց, որը լույս տեսավ «Իշխանությունը եւ կառավարման թափանցիկությունը» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գրքում։ 2012 թվականին Հայաստանի պետական կառույցների կայքերի մոնիտորինգը շարունակվում է։ Ընդ որում` հետազոտվող կայքերի թվաքանակն աճել է` 38-ից հասնելով 52-ի։

2011 թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր ԽԱՊԿ-ն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրել է, խոսքի ազատության իրավիճակի ուսումնասիրության, լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության ծրագիր։ Այս նախագծի շրջանակում կատարվել է նաեւ հետազոտություն` ուղղված լրատվամիջոցների նկատմամբ թաքնված գրաքննության դրսեւորումների բացահայտմանը եւ դրանց հակազդելու միջոցների մշակմանը։ Միաժամանակ` շարունակվել է ԽԱՊԿ աշխատանքային խմբի գործունեությունը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի բարելավմանը նպաստող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի պատրաստման եւ հեռարձակման ոլորտի, այդ թվում` անալոգայինից թվային հեռարձակման անցման խնդիրների հաղթահարման հնարավորությունների ներկայացման ուղղությամբ։ Միաժամանակ, համագործակցելով «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի` ԶԼՄ-ների ցանցային ծրագրի հետ, կատարվել է հետազոտություն եւ պատրաստվել զեկույց` Հայաստանի տեղեկատվության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ։ Այս աշխատանքը մաս կազմեց միջազգային մեծածավալ մի նախագծի, որը ԲՀՀ-ի նախաձեռնությամբ իրականացվել է աշխարհի 60 երկրում։

2009 թ դեկտեմբերից մինչեւ 2010 թ. դեկտեմբերը ԽԱՊԿ-ն, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, իրականացրեց Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի հետազոտության եւ տեղեկատվական ոլորտում հանրային շահերի պաշտպանության ծրագիր: «Ֆրիդոմ հաուզ» միջազգային կազմակերպության տեղայնացված մեթոդաբանությամբ կատարվեց հայկական ԶԼՄ-ների ազատության մակարդակի հետազոտություն` հաշվի առնելով լրատվամիջոցների գործունեության իրավական դաշտը, քաղաքական եւ տնտեսական պայմանները։ Միաժամանակ` ԽԱՊԿ-ն դիտարկում էր ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների դեպքերը եւ պատրաստում եռամսյակային զեկույցներ։ Բացի այս` ծրագրի շրջանակում կազմավորվեց հատուկ աշխատանքային խումբ` ուսումնասիրելու երկրում անալոգայինից թվային հեռարձակման անցման գործընթացը։ Փորձագետների այս խումբը պատրաստեց եւ հրապարակեց զեկույց, որը պարունակում էր առաջարկությունների փաթեթ` նպատակաուղղված թվայնացման հետ կապված իրավական, տեխնիկական եւ սոցիալական խնդիրների լուծմանը։

2009 թ նոյեմբերից մինչեւ 2010 թ. ապրիլը ԽԱՊԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, իրականացրեց երկրի մարզային ռադիոկայանների աշխատակիցների համար նախատեսված դասընթացների ծրագիր: Դրանց նպատակն էր` տեղական ռադիոկայաններում հրատապ խնդիրների վերաբերյալ հասարակական-քաղաքական հաղորդումներ պատրաստելն ու հեռարձակելը: Ծրագիրն իրականացվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում:

2009 թ․ սեպտեմբեր – հոկտեմբերին ԽԱՊԿ-ն ԲՀԻ ՕՀ հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրեց խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության զարգացման վերլուծության եւ գնահատման արտասահմանյան փորձի ուսումնասիրության կարճաժամկետ ծրագիր, որից հետո նախապատրաստեց այդ փորձի կիրառմամբ Հայաստանի տեղեկատվական ոլորտում հասարակական շահերի պաշտպանությանը միտված ծրագիր:

2009 թ․ հունիսից սեպտեմբեր ԽԱՊԿ-ն Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրեց Հայաստանում Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ծրագրերի մոնիտորինգ: Դրա հիման վրա ներկայացվեց հաշվետվություն, որը ներառնվեց «Արեւելյան գործընկերության» անդամ 5 երկրների (Ադրբեջան, Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա) մասին միասնական զեկույցի մեջ:

2006-2009 թթ․ ԽԱՊԿ-ն Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացրեց «Հասարակական շահերի պաշտպանություն՝ տարածաշրջանային  ԶԼՄ-ների եւ ժուռնալիստական կազմակերպությունների գործունեության ուժեղացման միջոցով» եռամյա ծրագիրը: Ծրագրի շրջանալկներում ԽԱՊԿ փորձագետները  ուսումնասիրում էին տարածաշրջանային ԶԼՄ-ների գործունեությունը, դրա արդյունքներով՝ մշակում խորհուրդներ եւ առաջարկություններ, մարզերում կազմակերպում էին «կլոր սեղան» – ներ՝ մարզային ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ: Քննարկվում էին խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության հրատապ խնդիրներ: Ծրագրի իրականացման առաջին երկու տարում նաեւ տեղական հեռուստաալիքներով կազմակերպվում էին նույն թեմաներով հաղորդումներ: Ծրագրի շրջանակներում նաեւ կատարվել է սոցիոլոգիական հետազոտություն՝ մարզային ԶԼՄ-ների լսարանի տեղեկատվական պահանջմունքները պարզելու նպատակով, ինչպես նաեւ՝ մարզերում եւ մայրաքաղաքում ԶԼՄ-ների եւ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում փորձագիտական հարցում։ Մոնիտորինգի եւ սոցիոլոգիական ու փորձագիտական հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ ու համադրմամբ մշակվել են տեղական ԶԼՄ-ների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ: Ծրագրի ավարտին հրատարակվել է «ԶԼՄ-ները եւ հանրային շահերի պաշտպանությունը» ժողովածուն:

2006 թ․ փետրվարից մայիս բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ԽԱՊԿ-ն իրականացրեց «Հրատապ հասարակական-քաղաքական խնդիրների լուսաբանումը «Երկիր մեդիա»-ի եւ մարզային հեռուստաընկերությունների եթերում» ծրագիրը: Դրա նպատակը երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների եւ առաջատար հասարակական կազմակերպությունների տեսակետների եւ մոտեցումների լուսաբանումն էր, ինչպես նաեւ՝ հեռուստաեթերում տեղեկատվական ոլորտի, ամենից առաջ՝ ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության խնդիրների քննարկումը: Ծրագրի շրջանակներում պատրաստվեցին եւ «Երկիր մեդիայի» ու մարզային 10 հեռուստաընկերութուններով հեռարձակվեցին «Մամուլի ակումբ» եւ «Մամուլի ակումբ+» հեռուստահաղորդաշարերը, որոնք կարճ ժամանակում բավականին բարձր վարկանիշ ձեռք բերեցին: Հետագայում այսդ ծրագիրը շարունակեցին գործընկեր կազմակերպությունները (ԵՄԱ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ):

2006 թ․ փետրվարին ԽԱՊԿ-ն Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երեւանում կազմակերպեց «Հայաստանում տեղեկատվության ազատության օրենսդրական կարգավորումը եւ պրակտիկան» միջազգային սեմինարը, որին մասնակցեցին լրագրողներ, պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ:

2004-2005 թթ․ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կոմիտեն իրականացրեց երկու նախագիծ, որոնց նպատակն էր Հայկական երկրորդ հեռուստաալիքի (Հ2) եթերում լուսաբանել հասարակական նախաձեռնությունները եւ տարածել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության գաղափարները:

2003 թ․ մարտին  ԽԱՊԿ-ն Բաքվի մամուլի ակումբի եւ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ իրականացրեց «Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ների օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին» տարածաշրջանային նախագիծը, որին աջակցում էր «Եվրասիա» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի համագործակցության ծրագիրը: 2003 թվականի օգոստոսից մինչեւ 2004 թվականի սեպտեմբեր նույն գործընկերների հետ եւ նույն դոնորի աջակցությամբ իրականացվեց տարածաշրջանի երեք երկրների ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման կատարելագործման գործընթացի սինխրոնացման եւ օրենսդրական բազան միջազգային չափանիշներին համապատասախանեցնելու մեծ ծրագիր: