ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ

Ամփոփիչ զեկույց`

ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի տվյալների

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով: Դիտարկումն իրականացրած խմբի կարծիքով` սույն հետազոտությունը թույլ է տալիս պարզել ատելություն պարունակող արտահայտությունների քանակն ու բնույթը եւ կարող է նպաստել, որ հայաստանյան լրատվամիջոցները նկատելիորեն նվազեցնեն կամ առհասարակ զերծ մնան դրանց գործածումից:

2013 թ. մարտի 18-ից 31-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց փորձնական («պիլոտային») դիտարկում՝ մոնիտորինգի նախապես մշակած մեթոդաբանությունը կատարելագործելու նպատակով: Սրան հաջորդեց հիմնական հետազոտությունը, որը կատարվեց երկու փուլով։ Առաջինն ընդգրկեց 2013 թ. ապրիլ-հուլիս ամիսները, ինչի վերաբերյալ հրապարկվեց միջանկյալ զեկույց (տես «Khosq.am» կայքի «Մոնիտորինգներ» բաժնում»): Երկրորդ փուլն իրականացվեց օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում: Ներկայացվող վերլուծությամբ ամփոփվել են իննամսյա դիտարկմամբ ստացված տվյալները:

Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր): Հեռուստաընկերությունների դիտարկման օբյեկտ են հանդիսացել լրատվական ծրագրերի հիմնական թողարկումների նյութերը («Հ1»-ի եթերում` «Հայլուր», «Երկիր մեդիայի» եթերում` «Երկիրն այսօր»/«Երկրի շաբաթը», «Կենտրոնի» եթերում` «Էպիկենտրոն»), ինչպես նաեւ` այդ թողարկումներին հաջորդող վերլուծական հաղորդումները (համապատասխանաբար` «Տեսանկյուն», «Երկրի հարցը», «Ուրվագիծ»):

Նշված տպագիր եւ առցանց լրատվամիջոցներում հաշվառվել եւ դիտարկվել են բոլոր հրապարակումները՝ բացի առեւտրային, քաղաքական, սոցիալական գովազդներից ու հայտարարություններից:

Ուսումնասիրությունը կատարվել է` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության` ատելություն եւ թշնամանք սերմանելն արգելող դրույթները, ինչպես նաեւ`Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R (97) 20, R (97) 21 եւ R (99) 1 հանձնարարականները` ատելություն արտահայտող խոսքը բնորոշելու, լրատվամիջոցներում հանդուրժողականության մշակույթի զարգացման, ինչպես նաեւ` բազմակարծությանն աջակցելու միջոցների վերաբերյալ:

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն