2017 թ. առաջին եռամսյակային զեկույց (հունվար-մարտ)

2017 թվականի առաջին եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված ժամանակահատված էր՝ պայմանավորված ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավով եւ քաղաքական պայքարով։ Այդ կարեւոր գործընթացի լուսաբանումն ինքնին մեծ ջանքեր էր պահանջում ԶԼՄ-ներից, սակայն խմբագրությունների աշխատանքն էլ ավելի է բարդացել, երբ նախընտրական շիկացած կրքերն, ըստ ձեւավորված արատավոր ավանդույթի, ուղղվել են լրագրողների եւ օպերատորների դեմ։

Այսպես, պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության եւ 18 ճնշման դեպքեր են տեղի ունեցել, իսկ ընդհանուր եռամսյակային տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32 փաստ եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 5 խախտում։ Այս ժամանակահատվածն աչքի է ընկել նաեւ ընդդեմ ԶԼՄ-ների դատական նոր գործերի առատությամբ։ Դրանց թիվը 19 է, որոնցից 15-ն ընդդեմ «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի են, եւ բոլորը վերաբերում են այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ ՀՀԿ-ի։ Յուրաքանչյուր հայցով պահանջվում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Ընդ որում՝ բացի այց 15-ից, եւս 15 նույնաբովանդակ հայց մյուս տնօրենները դատարան են ներկայացրել ապրիլի սկզբին, եւ դրանց ԽԱՊԿ-ը կանդրադառնա ս. թ. երկրորդ եռամսյակի զեկույցում։

Հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ դրանցում նկատելի առաջընթաց չի եղել. նոր մեղադրյալներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան։ Մինչդեռ, միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն գրանցել #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների (համապատասխանաբար՝ «Lragir.am»-ի թղթակից Թեհմինե Ենոքյանի, ինչպես նաեւ «iLur.am»-ի թղթակից Հակոբ Կարապետյանի ու ազատ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի) գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Սա իրավապաշտպանության ոլորտի համար չափազանց կարեւոր նախադեպ է։

Դիտարկվող ժամանակահատվածում շրջանառության մեջ դրվեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, որով փորձ է արվում արդիականացնել 2003-ից գործող համանուն օրենքը։ Սակայն ԽԱՊԿ-ը և գործընկեր լրագրողական կազմակերպությունները մի շարք լուրջ առարկություններ եւ առաջարկություններ ունեն օրինագծի վերաբերյալ. դրանք գրավոր տեսքով ուղարկվելու են նախարարություն։

ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրության եւս մեկ փոփոխություն լուրջ մտահոգության տեղիք տվեց. ս. թ. հունվարի 9-ից ուժը կորցրած է ճանաչվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ անձնական տվյալներ մշակելը չի ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում է բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով։ Նշված օրենքի փոփոխությամբ այդ սահմանափակումներն արդեն տարածվում են նաեւ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա։

2017թ. առաջին եռամսյակում չլուծված մնաց ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով եւ հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում։

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ