Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2018թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

2018 թվականը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված եւ բարդ     ժամանակահատված էր՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ ու դրա հետ կապված քաղաքական զարգացումներով, այդ թվում՝ Երեւանի ավագանու և ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով։

Նախորդ տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ ներքաղաքական  կյանքում տեղի ունեցող կարեւոր գործընթացների, հատկապես ընտրությունների շրջանում առաջացող լարվածության պայմաններում ավելանում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, նրանց իրավունքների խախտումները։ 2018-ին այդպիսի դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է ապրիլին՝ թավշյա հեղափոխության ամենաթեժ շրջանում։ Այդ ժամանակահատվածում ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 և մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 փաստ։ Լրագրողների նկատմամբ հարձակումների ու ճնշումների ալիքը դադարեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Գրանցված 26 միջադեպերից միայն 15-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, դրանցից ընդամենը 4 գործ է մտել է դատարան, որոնցից երեքի վերաբերյալ կայացվել է դատավճիռ։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա դրանք շահեկանորեն տարբերվեցին բոլոր նախորդներից ոչ միայն ազատության, արդարության ու թափանցիկության մակարդակով, այլև լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործելու առումով։ Հակառակ ձևավորված արատավոր ավանդույթի, երբ ընտրությունները զուգորդվում էին ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների բազմաթիվ խախտումներով, այս անգամ դրանք մի քանիսն են եղել։ Այսպես, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցվել է 1 բռնության և 1մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստ, ԱԺ ընտրությունների օրը լրագրողների ու օպերատորների նկատմամբ ուժ կիրառելու փորձ անգամ չի եղել, իսկ մասնագիտական գործունեության խոչընդոտման 3 դեպք, որոնցից 2-ը տեղում հարթվել են, իսկ 1-ն ուղարկվել է քննության։

Ընդհանուր առմամբ 2018 թվականի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների 67, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 98 դեպք։

Հետհեղափոխական շրջանում լուրջ մտահոգություն է առաջացրել իրավապահ մարմինների կողմից «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունն ու սարքավորումների առգրավումը, իսկ նախընտրական ժամանակահատվածում՝ ապօրինի գործողությունները «News.am»-ում և «Aysor.am»-ում, որտեղ հրապարակված նյութերի «հիմքեր» և տեսագրություններ տրամադրելու պահանջներ են ներկայացվել։ Անդրադառնալով այս փաստերին՝ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ հանդես է եկել հայտարարություններով և կոչ արել նոր իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից։

Հեղափոխությամբ պայմանավորված թեժ քաղաքական պայքարի ընթացքում սոցիալական մեդիայում լայն տարածում ստացան ատելության խոսքը, վիրավորանքն ու զրպարտությունը։ Այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են արտահայտել տարբեր քաղաքական ուժերի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Խնդիրը դարձավ հանրային քննարկումների առարկա, որոնցից մեկը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նախաձեռնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ։ Թեև հետընտրական շրջանում ատելության խոսքի ծավալները սոցցանցերում նկատելիորեն նվազեցին, վիճակն առայժմ վաղ է բարվոք համարել։

Հատկանշական է, որ 2018 թվականին ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների ներկայացվել է 13 նոր դատական հայց, և դրանք բոլորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Ուշագրավ է, որ հայցվորների թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև՝ կան դեպքեր, երբ ԶԼՄ-ին դատի է տվել ԶԼՄ-ն, ընդ որում՝ մեկ դեպքում դա լրագրողի ֆեյսբուքյան գրառման համար է։

Տարվա ընթացքում հանգուցալուծված դատական գործերով 9 վճիռ կայացվել է ի վնաս ԶԼՄ-ների և լրագրողների և 10 վճիռ՝ հօգուտ նրանց։

2018 թվականի ընթացքում ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների և օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) և 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը։ Երկուսում էլ նկատելի առաջընթաց չի արձանագրվել, նոր մեղադրյալներ կամ գոնե կասկածյալներ ի հայտ չեն եկել, ինչը վկայում է նախաքննության անարդյունավետության մասին։  Ավելին՝ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց «Սարի թաղի» գործով վարույթը՝ «որպես մեղադրյալ ներգրավվող անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ ԽԱՊԿ-ի աջակցությամբ այդ գործով տուժող ճանաչված լրագրողներից երկուսը՝ 1in.am»-ի թղթակից Մարիամ Գրիգորյանը և ազատ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանը, բողոքարկեցին ՀՔԾ-ի որոշումը դատախազություն, իսկ մերժում ստանալուց հետո դիմեցին դատարան։ Գործընթացը շարունակվում է։

Հետհեղափոխական շրջանում լրատվամիջոցների դժգոհության առիթ դարձան պետական մարմիններից հանրային նշանակության տեղեկություններ ստանալու հետ կապված խնդիրները։ Այս առումով իրավիճակի վատթարացման մասին են վկայում նաև ԽԱՊԿ-ի տվյալները։ Թեև նոր կառավարության ղեկավարն ու որոշ անդամներ ժամանակ առ ժամանակ իրենց ֆեյսբուքյան էջից «ուղիղ եթեր» են մտնում ու պատմում ընթացիկ գործերի ու անելիքների մասին, ինչպես նաև դիրքորոշում են արտահայտում կարևորագույն խնդիրների վերաբերյալ, այնուամենայնիվ դա չի կարող ամբողջովին փոխարինել մամուլի խոսնակների ու հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատանքը։

2018 թվականի ընթացքում և հատկապես թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցների ոլորտում որոշակի վերադասավորումներ տեղի ունեցան։ Դա նախևառաջ ՀՀԿ-ի՝ իշխանությունից հեռանալու և յուրային ԶԼՄ-ների ֆինանսավորումը նվազեցնելու կամ դադարեցնելու հետևանք էր։ Այդ գործընթացի վրա նկատելի ազդեցություն ունեցավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ինչից հետո մի շարք լրատվամիջոցներ կապվեցին նրա անվան հետ։ Այս առումով հատկանշական էր ՀՀԿ-ի հետ ասոցացվող «Արարատ» հեռուստաընկերության վաճառքը և դրա վերածումը միանգամայն այլ քաղաքական ուղղվածություն ունեցող «5-րդ ալիք»-ի։ Տարեվերջին հայտնի դարձավ նաև «Արմնյուզ» հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության մասին։ Այս գործընթացները շարունակվելու միտում ունեն և, ամենայն հավանականությամբ, կներառեն նաև տպագիր և առցանց ԶԼՄ-ները։ Մասնավորապես՝ ֆինանսական պատճառներով 2019-ից կդադարի լույս տեսնել «Հայոց աշխարհ» օրաթերթը։

2018-ին չլուծված մնաց հեռարձակման ոլորտի ամենալուրջ խնդիրներից մեկը՝ մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման հարցը։ Դեկտեմբերի 28-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը չկայացած հայտարարեց հունիսի 23-ից ընթացող մրցույթը, քանի որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։ Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, նախորդ երկուսը անցկացվել են 2016 և 2017 թվականներին, սակայն  որևէ հայտատու չեն ունեցել։ ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները բազմիցս նշել են, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց՝ մուլտիպլեքս ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն անընդունելի են. դրանք հրապուրիչ չեն բիզնեսի առումով և ոչ մի լավ հեռանկար չեն խոստանում ոլորտի զարգացման տեսանկյունից։ Սակայն ՀՌՀ-ն, անտեսելով խնդրի էությունը, զուտ ձևական մոտեցմամբ կազմակերպում է մրցույթներ, որոնք ի սկզբանե ձախողման մեծ հավանականություն են պարունակում։

Ի տարբերություն հեռարձակման ոլորտի, հայաստանյան առցանց մեդիան նկատելիորեն բարելավել է իր դիրքերը։ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 1-ին հրապարակեց «Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցը, որում Հայաստանը համացանցի ասպարեզում «մասամբ ազատ» երկրների ցանկից տեղափոխվել է «ազատ»-ների շարքը:

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով՝ այստեղ, այստեղ և այստեղ

Ամփոփիչ տեսաֆիլմը՝ ստորև

 

Share