2012 թ. երկրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ

ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համառոտ ամփոփում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեությանն առնչվող պայմաններին, իրադարձություններին ու խնդիրներին եւ հանրությանն է ներկայացնում եռամսյակային ու տարեկան զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Դրանցում ներառվում են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, վերջիններիս առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ քաղաքական գործոնների եւ տնտեսական միջավայրի ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

2012 թ. երկրորդ եռամսյակում ԶԼՄ-ների գործունեության իրավական դաշտին վերաբերող գործընթացներում ուշագրավ է երկու զարգացում։

Ապրիլի 25-ին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց իր եզրակացությունը` Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» ՀԿ-ի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի մասին։ Ըստ այդմ` կշարունակվեն քննարկումները օրինագծի կատարելագործման ուղղությամբ։

Ապրիլի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում կայացրեց` կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթների կանոնակարգումներ (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգի եւ պայմանների մասին)։ Սակայն այդ որոշման վերլուծական եզրակացություններում առկա է երկու մտահոգիչ հանգամանք` կապված «տեղեկատվության աղբյուր» հասկացության եւ տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները թերագնահատելու հետ։

ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական միջավայրի ազդեցության առումով` նախորդ տարիներին ԽԱՊԿ-ն նկատել է այն օրինաչափությունը, որ համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները նկատելիորեն աճում են։ Այս տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին լրագրողների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության եւ 4 տեղեկատվություն ստանալուն ու տարածելուն խոչընդոտող միջադեպով։ Թեեւ 2008 թ. ընտրությունների համեմատ` իրավիճակն ավելի մեղմ էր, այնուամենայնիվ, նկատելի է, որ 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ` երկրորդ եռամսյակում, որը ներառում է ընտրական շրջանը, ԶԼՄ-ների գործունեության պայմանները բարդացան։ Մասնավորապես` կրկնապատկվեց լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների իրավունքների խախտումների ընդհանուր թվաքանակը. արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 նոր դեպք, տարաբնույթ ճնշումների 10 դեպք, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 10 փաստ։

Հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ների` իշխանությունների կողմից վերահսկողության մասին են վերստին վկայում մի քանի հասարակական կազմակերպությունների եւ մի խումբ մտավորականների բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վերջինիս հանձնարարականը Հանրային խորհրդի նախագահին` հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ։ Ընդունելով նամակում առկա մտահոգությունը` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կտրականապես դեմ է դրանում առաջարկվող լուծումներին եւ դրանք գնահատում է որպես թաքնված գրաքննության փորձ։

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն