ՄԻ ԽՈՉԸՆԴՈՏԵՔ ԵՎ ՄԻ ԲՌՆԱՑԵՔ ԼՐԱԳՐՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ. ՆՐԱՆՔ ԵՐԲԵՄՆ ԿԾՈՒՄ ԵՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն երեկ հրապարակեց 2010թ. առաջին եռամսյակում Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին զեկույցը: Տեղեկացնենք, որ այսուհետ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն բացի տարեկան զեկույցից, ներկայացնելու է նաեւ եռամսյակային միջանկյալ զեկույցներ: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս եռամսյակում լրագրողների իրավունքների խախտումների դեպքերը ավելի շատ են, որը, ըստ նրա` պայմանավորված է հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ համամասնական ընտրություններով: Այս տարվա առաջին կիսամյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5 դեպք է գրանցվել, իսկ 2009թ. նույն ժամանակահատվածում դրանք 3-ն են եղել:
Ավելացել են նաեւ տեղեկություներ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները: 2009թ. առաջին եռամսյակում դրանք եղել են 2-ը, իսկ 2010-ին 6 փաստ է արձանագրվել: Կոմիտեն արձանագրել է 1 դեպք, երբ տնտեսական լծակներն օգտագործվել են ճնշելու զանգվածային լրատվամիջոցը` “ԳԱԼԱ” հեռուստաընկերության գովազդատու կազմակերպությունների հրաժարվելը հեռուստաընկերության եթերում գովազդ տեղադրելուց:
Խոսքի ազատության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ընդգծեց, որ քաղաքական իրավիճակի սրմանը զուգընթաց, ավելանում են հարձակումները ԶԼՄ-ների վրա: Բացառություն չէր նաեւ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունը, հենց որի ժամանակ են արձանագրվել առաջին եռամսյակի հիմնական խախտումները: Հարուցվել է քրեական գործ, սակայն այն կարճվել է, եւ մեղավորներն էլ այդպես ի հայտ չեն եկել, եւ որեւէ մեկը չի պատժվել: Մեսրոպ Հարությունյանը հավելեց, որ քաղաքական միջավայրի բացասական ազդեցություն են գնահատել այն, որ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ոչ մի հեռուստաընկերություն չի լուսաբանել ոչ ընտրությունը, ոչ ընտրարշավը, ոչ քվեարկության ընթացքը: Որոշ հեռուստաընկերություններ միայն արդյունքները հայտարարեցին:
Կոմիտեն նաեւ արձանագրել է մի քանի փաստեր եւ վերլուծել, թե ինչպիսին կարող են լինել օրենսդրության փոփոխության միտումները: Անդրադառնալով փետրվարի 4-ին ՀՌԱՀ հրապարակված էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներին, Մեսրոպ Հարությունյանը փաստեց, որ անգամ փոփոխություներից հետո փաստաթուղթը մնում է խիստ անմշակ: Ըստ փորձագետի` այն կամայական եւ սուբյեկտիվ որոշումների տեղիք կարող է տալ, քանի որ չափորոշիչները հստակ եւ չափելի չեն:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն բացասական միտում է նկատում “ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին”, “ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” եւ “ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” օրենքների նախագծերի փաթեթում, որը պետք է ապաքրեականացնի զրպարտությունը եւ վիրավորանքը: Մեսրոպ Հարությունյանը ընդգծեց, որ ներկա ձեւակերպմամբ ինչպես առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում, փաթեթը բավականին վտանգներ ու խոչընդոտներ է պարունակում ԶԼՄ-ների գործունեության եւ խոսքի ազատության համար:
Այսուհանդերձ, Մեսրոպ Հարությունյանը նշեց նաեւ օրենսդրական 2 դրական նախաձեռնություններ, որոնք ընդունվել են ԱԺ-ում. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով վերացվում է Քրեական դատավարության օրենսգրքի եւ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի միջեւ եղած հակասությունը: Եւ երկրորդ` ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները, համաձայն որոնց, 164-րդ հոդվածում (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) խստացվեցին պատիժները: Այսուհետ լրագրողների աշխատանքը խոչընդոտողները նախկին` նվազագույն աշխատավարձի հիսունից հարյուրհիսունաապատիկ տուգանքի փոխարեն կվճարեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորս հարյուրապատիկը: