2020 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար ԽԱՊԿ-ի դիտարկումների բոլոր նախորդ տարիների համեմատությամբ թերևս ամենալարված ու բարդ ժամանակաշրջանն էր։ Դա պայմանավորված էր նախ՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմով ու դրա լուսաբանման դժվարություններով, իսկ տարեսկզբից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում խոսքի ազատության անհիմն սահմանափակումներով։
Թե՛ համավարակի հետ կապված արտակարգ դրության, թե պատերազմի սկզբից հայտարարված ռազմական դրության ժամանակ ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ լրատվամիջոցներում և սոցցանցերում արգելվեց պաշտոնականից զատ, այլ տեղեկությունների հրապարակումը։ Ընդ որում՝ մտահոգիչ էր, որ այդ որոշումների իրականացումը վերահսկում էին ուժային կառույցները, որոնք կոշտ միջամտություն էին ցուցաբերում լրատվամիջոցների գործունեությանը` հաճախ սուբյեկտիվ ու կամայական մոտեցումներով։
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում արձանագրվեց 32 դեպք, երբ ոստիկանությունը լրատվամիջոցներից ու լրագրողներից պահանջեց հեռացնել իրենց հրապարակումներն ու գրառումները։ Նախատեսված էին նաև տուգանքներ, սակայն դրանք չկիրառվեցին։ Կառավարությունն էլ, անսալով լրագրողական կազմակերպությունների կոչերին՝ նախ նկատելիորեն մեղմացրեց մարտի 16-ի իր որոշման՝ լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթները, ապա ամբողջությամբ չեղարկեց դրանք։ Ինչ վերաբերում է ռազմական դրության պայմաններում կիրառված սահմանափակումներին, որոնք նախատեսվեցին ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի որոշմամբ, ապա օրենսդրական փոփոխություններով խստացվեցին պատժաչափերը, և 13 ԶԼՄ ենթարկվեց տարբեր տուգանքների։ Թե ո՞ր լրատվամիջոցներն են դրանք, ՀՀ ոստիկանությունն այդպես էլ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկությունները անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով։ Իրականում, տրամադրելով տուգանված ԶԼՄ-ների ցանկը՝ ոստիկանությունը որևէ անձնական տվյալ չէր բացահայտելու, և դրա անհրաժեշտությունը չկար։
Տարատեսակ ճնշումների ընդհանուր թիվը դիտարկվող տարվա ընթացքում կազմել է 273։ Ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 6 է։ Գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 90 խախտում։ Լրատվամիջոցների և լրագրողների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը 74 է․ դրանց ճնշող մեծամասնությունը՝ 61-ը, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով է, 13-ը աշխատանքային և այլ վեճեր են։
2020 թվականին ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը մեդիային առնչվող մի շարք նախաձեռնություններով հանդես եկան, որոնք միշտ չէ, որ ընդունելի էին լրագրողական հանրության համար։ Տարվա կտրվածքով այդ գործընթացներից ամենանշանակալին հեռարձակման ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումն էր։
Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ