Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. առաջին եռամսյակային զեկույց

Հայաստանում համացանցն ազատ է, Կառավարությունը չի միջամտում օնլայն բովանդակությանը․ այս եզրահանգումն ԱՄՆ Պետդեպարտամենտի «Մարդու իրավունքների վիճակն աշխարհում» 2020թ․ զեկույցից է, որը հրապարակվել է 2021թ․ մարտի 30-ին։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020թ. տարեկան զեկույցի տվյալներին հղումով։

2021թ․ առաջին եռամսյակն առանձնացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնությունների շեշտակի աճով։ Այդպիսի դեպքերի քանակը դիտարկվող ժամանակահատվածում ավելին է, քան նախորդ ողջ տարվա ընթացքում․ 7 դեպք՝ 8 տուժողով։ Ընդ որում՝ որոշ փաստեր աննախադեպ են․ մասնավորապես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի բռնությունը լրագրողի նկատմամբ։ Սա վերջին շրջանում իշխանության և լրատվամիջոցների միջև ծայրահեղ անհանդուրժողականության և նույնիսկ ոչ պարկեշտ հարաբերությունների ցցուն դրսևորումն էր։

ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ անբարեհաճ վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել Ազգային ժողովում, ընդդիմության բողոքի ակցիաների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում։ Միևնույն ժամանակ ծայրահեղ քաղաքականացված ու բևեռացված լրատվական դաշտում շարունակում են լայնորեն տարածվել ատելության խոսքը, ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը, վիրավորանքն ու զրպարտությունը։

Իշխանությունները, որոշելով հակազդել այս երևույթներին, վերջին ամիսներին հանդես եկան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք լրագրողական հանրության կողմից գնահատվեցին որպես ոչ համաչափ, խոսքի ազատությանը սպառնացող և միջազգային չափանիշներին չհամապատասխանող սահմանափակումներ։

Մասնավորապես՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով, ի թիվս այլի, առաջարկվեց արգելել հղումն անանուն կամ, ինչպես հետո վերափոխվեց, չնույնականացվող աղբյուրներին։ Այս նորամուծությունը կարող է լրջորեն խոչընդոտել լրագրողական գործունեությունը, սահմանափակել տեղեկատվության աղբյուրների հետ աշխատանքը։ Մինչդեռ դա չի լուծում անհանգստացնող խնդիրը՝ կապված կեղծ լուրերի տարածման հետ։

Մյուս խիստ մտահոգիչ նախաձեռնությունը, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է և որով Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը եռապատկվեց, մարտի 24-ին արդեն իսկ օրենքի տեսք ստացավ՝ ընդունվելով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Օրենսդրական այս ռեպրեսիվ քայլը քննադատվեց փորձագիտական հանրության, միջազգային իրավապաշտպան «Freedom house» և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների կողմից, իշխանություններին կոչ արվեց չեղարկել փոփոխությունը։ Բնականաբար, այդ փորձագետներն ու կազմակերպությունները նպատակ չունեն արդարացնելու վիրավորողներին և զրպարտողներին, այլ պաշտպանում են քննադատող խոսքի հեղինակներին անհարկի ճնշումներից և անհիմն պատասխանատվության ենթարկելուց՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։

Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել ևս 2 օրենսդրական առաջարկ, որոնք դեռևս չեն ընդգրկվել ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգ։ Մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու և անձին զրպարտելու կամ վիրավորելու համար։ Մյուսը, որը կապվում է նախորդի հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ պատասխանատվությունից ազատելուն վերաբերող 6-րդ կետի փոփոխությունն է․ դրանում առաջարկվում է վերջում ավելացնել «բացառությամբ, եթե աղբյուրը կեղծանուն է» բառակապակցությունը։

Եվս մի խնդրահարույց նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀ դատախազությունը՝ առաջարկելով քրեականացնել պաշտոնատար անձանց զրպարտելը կամ վիրավորելը։ Հաշվի առնելով, որ իշխանության ներկայացուցիչները, քաղաքական գործիչներն ու այլ հայտնի անձինք իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք, նման օրենսդրական նախաձեռնությունները կարող են իսկապես լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, մեծացնել դատական հայցերի թիվն ընդդեմ լրագրողների ու ԶԼՄ-ների։ Իսկ փաստերը ցույց են տալիս, որ այդպիսի հայցերի 25 տոկոսը հենց պետական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից են։

Մեկը մյուսի հետևից ի հայտ եկած ռեպրեսիվ նախաձեռնությունները հակասում են միջազգային հայտնի նորմերին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2011թ․նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման դրույթներին։ Ըստ էության, իշխանության ներկայացուցիչներին քննադատությունից զերծ պահելու միտում է  նկատվում։ Այս առնչությամբ մարտի 30-ին մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ Պետական դեպարտամենտն իր «Մարդու իրավունքների վիճակն աշխարհում» տարեկան զեկույցում՝ հղում կատարելով ԽԱՊԿ-ի տվյալներին։

Առաջին եռամսյակի ընթացքում, համեմատած 2019-20թթ․ նույն ժամանակահատվածի հետ,  արձանագրվել է ընդդեմ լրագրողների ու ԶԼՄ-ների դատական նոր հայցերի թվի նվազում․ գրանցվել է 12 նոր հայց, որոնցից զրպարտության և վիրավորանքի հիմքով՝ 10-ը, 1-ը տնտեսական վեճ է, մյուսով 5 լրատվամիջոց «Հայկական երկրորդ հեռուստաալիքն» ընդդեմ ՀՌՀ-ի դատական գործով ներգրավվել է որպես երրորդ կողմ։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ճնշումների դեպքերին, ապա դրանց թիվը 20 է, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ 15։

Դիտարկվող ժամանակահատվածում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթների ամփոփումը, որի արդյունքում «Հ2»-ը ճանաչվեց պարտված և դիմեց դատարան՝ բողոքարկելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ Կրկին լիցենզիա չստացավ նաև «Ա1+»-ը։ Մի քանի բացառությամբ ոլորտում պահպանվեց ստատուս-քվոն, լուրջ բարեփոխումներ չնշմարվեցին, ինչը մեծապես պայմանավորված է 2020թ․հուլիսին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի թերություններով ու բացերով։


ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ