Մեսրոպ Հարությունյանն ահազանգում է ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտների մասին
ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը լրջորեն կարող է խոչընդոտել լրատվամիջոցների գործունեությանը: Այսօրվա ասուլիսին այս մասին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Նա չցանկացավ, սակայն, մանրամասն անդրադառնալ փաթեթից բխող խնդիրներին` նշելով, որ այդ թեմայով ԱԺ-ում վաղը լսումներ են անցկացվելու:
«Այս բացասական փաթեթով պետք է ապաքրեականացվի զրպարտությունը և վիրավորանքը: Սակայն այն մեզ չի բավարարում, քանի որ ներկայումս գործող օրենսդրությունն ավելի քիչ է խոչընդոտում լրագրողների գործունեությունը, քան քննարկվող փաթեթը»,- նշեց փորձագետը:
Հարությունյանն անդրադարձավ նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջով մշակված հեռուստատեսային չափորոշիչներին` նշելով, որ «անգամ փոփոխություններից հետո այդ փաստաթուղթը մնում է խիստ անմշակ և կամայական և սուբյեկտիվ որոշումների տեղիք կարող է տալ»: