ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն այսօր ներկայացրել են կոմիտեի 2010 թ. երկրորդ եռամսյակի զեկույցը, որում ամփոփված են տվյալ ժամանակահատվածում ԶԼՄ ներկայացուցիչների դեն կատարված բռնությունների և ճնշումների դեպքերը:
Աշոտ Մելիքյանը նշել է, որ հասարակության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրել է զրպարտության և վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը և հեռուստառադիոհեռարձակման մասին օրենքի փոփոխությունը: Մելիքյանի խոսքով, առաջին դեպքում հաջողվել է նախագծից հանել բոլոր վտանգավոր դրույթները, բացի մեկից: Դա սուտ մատնության վերաբերյալ 333 հոդվածն է, որը դատական համակարգի անկատար լինելու պայմաններում կարող է օգտագործվել լրագրողների դեմ:
Ինչ վերաբերում է ֆիզիկական բռնություններին, Աշոտ Մելիքյանի խոսքով, դրանք երեքն են, անցած տարվա նույն ժամանակահատվածի 5-ի դիմաց: Մեսրոպ Հարությունյանը նշել է, որ այդ բռնությունները կապված են մայիսի վերջին Ազատության հրապարակում նստացույցների ժամանակ Հայկական Ժամանակ և Հայք թերթերի լրագրողներին բերման ենթարկելու հետ:
Կոմիտեն արձանագրել է տարբեր տեսակի ճնշումների և տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների հնգական դեպք, որոնք աճել են անցած տարվա ցուցանիշների համեմատ: Հարությունյանը նշել է, որ տնտեսական ճնշումների օրինակ է Գալա հեռուստաընկերության տեխնիկան չմաքսազերծելը, պատճառաբանելով, որ իբր Գալան հարկային չկատարված պարտավորություններ ունի և հաշիվների վրա կալանք է դրված: Միայն 820 000 դրամ գանձելուց հետո թույլատրվել է մաքսազերծել տեխնիկան:
Ճնշման օրինակ է նաև կողմից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ դատախազության քննիչի գործադրած բռնության դեպքով հարուցված քրեական գործի կարճումը Կենտրոնի ոստիկանապետի կողմից և Գագիկ Շամշյանին սուտ մատնության մեղադրանք առաջադրելը:
Արձանագրված ճնշումներից է Արմավիրի Ռազմական Ոստիկանության կայազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի դեպքը, ով զանգել էր Չորրորդ ինքնիշխանության թերթի խմբագրություն և սպառնացել հաշվեհարդար տեսնել:
Ապրիլի 16-ին էլ արգելվել է լրագրող Տիգրան Պասկևիչյանի Ընտրություն ֆիլմի ցուցադրությունը, որը ևս որպես ճնշման փորձ արձանագրվել է կոմիտեի կողմից: