«Թերթ.am», 21 .07. 2010

Լրատվամիջոցների վրա ճնշման դեպքերն ավելացել են. ԽԱՊԿ–ն նոր զեկույց է հրապարակել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր ներկայացրել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ–ների իրավունքների խախտման մասին երկրորդ եռամսյակային զեկույցը։

Համաձայն զեկույցի, 2010թ. երկրորդ եռամսյակը լրագրողների դեմ բռնությունների առումով համեմատաբար հանգիստ է եղել, քան 2009թ. նույն ժամանակահատվածում։

«Դա բնական է, քանի որ 2009թ. մայիսի 31–ին տեղի էին ունեցել Երևանի ավագանու ընտրություններ, որի ընթացքում արձանագրվել էին լրագրողների գործունեության հետ կապված 4 միջադեպեր»,– նշում են զեկույցի հեղինակները։

2009թ. երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների 9 դեպք է արձանագրվել, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ երեք դեպք։

Ինչպես ներկայացվում է զեկույցում, այս ժամանակահատվածում լրագրողների դեմ բռնության դեպքերն արձանագրվել են մայիսի 31–ին, երբ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ նստացույց անցկացնելու փորձ էին անում։

«Մայիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակից ոստիկանները բերման են
ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ակցիան լուսաբանելու նպատակով այդտեղ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանին և «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադևոսյանին: Ոստիկանները լրագրողներին քաշքշել և հրել են այն պահին, երբ նրանք աշխատել են՝ ձայնագրություն են կատարել, ինչից հետո նրանց բերման են ենթարկել: Լրագրողներն ազատ են արձակվել 3 ժամ հետո միայն: Մայիսի 31-ին ոստիկանությունը Երևանի Ազատության հրապարակի մերձակայքից ուժի կիրառմամբ բերման ենթարկեց, ապա ձերբակալեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանին»,– ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի երկրորդ եռամսյակային զեկույցում, որն այսօր լրագրողներին են ներկայացրել կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։

Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել են լրագրողների նկատմամբ բռնությունները, սակայն այս եռամսյակում, նախորդի համեմատ, ավելացել են լրատվամիջոցների, նրանց աշխատակիցների վրա ճնշման դեպքերը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը։ Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում նշված երկու դաշտում էլ մեկական դեպքեր են արձանագրվել, մինչդեռ այս եռամսյակում դրանք եղել են 5–ը։

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.