2019 թ. հունիսից 2020թ․ հուլիս ԽԱՊԿ-ը Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացրել է «Լրագրողների իրավունքների պաշտպանություն և հակազդեցություն եվրոպական արժեքները վարկաբեկող ԶԼՄ-ների հրապարակումներին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է մի շարք հայկական և ռուսական լրատվամիջոցների մշտադիտարկում՝ ԶԼՄ-ներում ատելության խոսքի, քարոզչության տարբեր ձևերի, բացասական կարծրատիպերի վերհանման նպատակով։ Ստացված արդյունքների հիման վրա կպատրաստվի փորձագիտական եզրակացություն՝ համապատասխան առաջարկություններով։ Այս փաստաթուղթը մամուլի ասուլիսի միջոցով ներկայացվել է հանրությանը, ինչպես նաև տեղադրվել է ԽԱՊԿ կայքում և ֆեյսբուքյան էջում։ Զեկույցից բացի, մոնիտորինգի տվյալների հիման վրա ծրագրի մասնակիցները պատրաստել են 12 հոդված, որոնք հրապարակվել են ԽԱՊԿ կայքում, ինչպես նաև՝ տարբեր ԶԼՄ-ներում։ Բացի դրանից, ապահովվել է լրագրողների իրավունքների պաշտպանությունը իրավապահ մարմիններում և դատական ատյաններում, մասնավորապես՝ հասարակական հնչեղություն ունեցող երկու քրեական գործերով՝ հարուցված 2016 թ. հուլիսի 29-30-ին Երևանի Սարի թաղում և 2015 թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում (Էլեկտիկ Երևան) տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որոնցում տուժել են տասնյակ լրագրողներ։ Այս գործերի քննության անարդյունավետության պատճառով ԽԱՊԿ-ը տուժող լրագրողների անունից համապատասխան բողոքներ և կից նյութեր է պատրաստել, որոնք ուղարկվել են միջազգային ատյաններ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե։