2011 թ. հունվարից մինչև 2014 թ. հունվար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի» («NED», ԱՄՆ) աջակցությամբ, իրականացրել է 1-ական տարի տևողությամբ 3 ծրագիր՝ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերն ուսումնասիրելու և դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով։ Յուրաքանչյուր տարի մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստվել են վերլուծական զեկույցներ, որոնք լույս են տեսել եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գրքերի տեսքով։
Դրանցից առաջինը վերնագրված է «Իշխանությունը եւ կառավարման թափանցիկությունը» (2011 թ.), երկրորդը՝ «Պետությունը և տեղեկատվության հասանելիությունը» (2012 թ.), երրորդը՝ «Պաշտոնական տեղեկատվության մատչելիությունից դեպի բաց կառավարում» (2013 թ.)։ 2012 թվականին մոնիտորինգն ընդգրկում էր Հայաստանի 38 պետական մարմինների կայքեր, հետագայում այդ թիվը հասավ 52-ի։ 2013-ից հետազոտությունն իրականացվում էր նոր՝ EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով (ավելի ուշ այն վերանվանվեց INFOMETR), որը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը։