«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– «2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո», նշված է Եվրոպայի խորհրդի և նրա գործընկեր կազմակերպության՝ Լրագրողների անվտանգության պլատֆորմի այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք այս արձանագրումը:
– Պլատֆորմի համար կարևորն այն է, որ կալանքը տեղի է ունեցել արտահայտած խոսքի պատճառով, ևս մեկ մոտեցում ունեն՝ կարևոր չէ, թե ինչի համար է լրագրողը հայտնվել ճաղերի հետևում՝ թմրանյութ են հայտնաբերել նրա մոտ, հասարակական կարգը խարխլող խոսք է արտաբերել, թե հայհոյախոսությամբ է զբաղվել:
Խոսքի համար լրագրողի ճաղերի հետևում հայտնվելը նրանց համար սկզբունքորեն անթույլատրելի է: Մենք պետք է հասկանանք, որ սա տհաճ ազդակ է, Հայաստանը տասնամյակներ շարունակ հենց սրանով է առանձնացել շատ հետխորհրդային երկրներից, մեր հարևան երկրներից, որ խոսքի համար ճաղերի հետևում լրատվամիջոցի ներկայացուցիչ կամ բլոգեր չի հայտնվել:
Մենք դեպքի ժամանակ ենք հնչեցրել մեր գնահատականը, հիմա ևս վերահաստատում ենք, որ այդ փոդքասթերների նկատմամբ անհամաչափ գործողություններ են իրականացվել, ինչը բնավ չի նշանակում, որ մեզ համար ընդունելի ու դատապարտելի չէ հայհոյանքը:
Անհամաչափ գործողությունների ու անհամաչափ ճնշման տեսանկյունից, իհարկե, կարելի է համաձայնել այդ միջազգային պլատֆորմի գնահատականին: Սա պետք է իսկապես ազդակ դառնա, որպեսզի իրենք վերանայեն իրենց մոտեցումները, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ կարող են շատ սուր խոսքեր հնչել, բայց այդ ամենին պետք է արձագանքել իրավաչափ, համաչափ, որպեսզի միջազգային կառույցների, դիտորդների մոտ հարցեր չառաջանան ու չստվերեն այն իրավիճակը, որը մեզանում կա:
Նկատի ունեմ, որ Հայաստանը վերջին տարիներին մամուլի ազատության ասպարեզում առաջընթաց է գրանցում, իսկ այսպիսի գնահատականները ստվերում են նախորդ տարիների առաջընթացը:
– Սա նախադեպայի՞ն երևույթ է Հայաստանի համար:
– Այո՛, վերջին տասնամյակներում այսպիսի բան ես չեմ կարող հիշել: Հայաստանը բացասական առումով այսպիսի իրավիճակում էր հայտնվել Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո, այդ ժամանակ ևս միջազգային կազմակերպությունների կողմից բավականին խիստ գնահատականներ հնչեցին։ Կարելի է հիշել նաև «Ա1+»-ի փակման ժամանակ առաջացած բավականին մեծ աղմուկը, 2008-ի մարտի 1-ի հետ կապված ու դրան նախորդող ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ կամ «Էլեկտրիկ Երևանի» ջարդը լրագրողների նկատմամբ, Սարի թաղի ջարդը ու այլ տարբեր դեպքերի առիթով շատ խիստ գնահատականներ հնչել են Հայաստանի իշխանությունների հասցեին, բայց որ Հայաստանում մարդը կարող է խոսքի համար ճաղերի հետևում հայտնվել, դա առաջին անգամ է արձանագրվում միջազգային կառույցի կողմից:
– Պարո՛ն Մելիքյան, բացի ձեր ասած ստվերումից, այլ հնարավոր ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս արձանագրումը:
– Մեծ հաշվով՝ ոչ մի, այդ զեկույցի վերջում ուղղակի կան առաջարկություններ, թե պետություններն ինչ պետք է անեն, բայց երբ ես ասում եմ՝ ստվերվում է, ես նկատի ունեմ այն, որ ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները միջազգային համաժողովներում, հանդիպումներում ընդգծեն, թե Հայաստանում մեծ առաջընթաց է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում, սա կարող է արձանագրվել որպես հակափաստարկ, թե իշխանություններն ինչ անհամաչափ են գործել այդ փոդքասթերների նկատմամբ:
Այնուամենայնիվ, խոսքի ազատություն Հայաստանում կա, բայց այլ հարց է՝ ի՛նչ մակարդակի, որովհետև այն ևս իր չափորոշիչներն ունի, ես մեծ հաշվով համակարծիք եմ այն միջազգային լրագրողական կազմակերպությունների գնահատականներին, որ տարածաշրջանում Հայաստանի խոսքի ազատության մակարդակը լավագույնն է, բոլոր հարևանները մեզանից հետ են ու շատ նկատելի ու շոշափելի:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում