ԽԱՊԿ-ի հայցերն ընդդեմ պետական մարմինների

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տեղեկատվություն ստանալու իր իրավունքը պաշտպանելու համար հայցեր է ներկայացնում ՀՀ վարչական դատարան:

2013 թվականի  հունիսի 4-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրավոր հարցում էր ուղղել ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ՀՀ տարածքում հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման վերաբերյալ: ԽԱՊԿ-ին հետաքրքրող հարցերն էին՝ 2012 թ. նոյեմբերի 23-ից հետո, երբ չկայացած համարվեց ՀՀ վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման եւ կառավարման ծառայությունների ձեռքբերման մրցույթը, արդյո՞ք հայտարարվել է նոր մրցույթ. եթե այո, ապա ովքե՞ր են մասնակիցները, եւ ի՞նչ պայմաններ են սահմանված. եթե մրցույթ չի հայտարարվել, ապա ինչպիսի՞ սցենար է ընտրվել եւ հաստատվել`թվային հեռարձակման ցանցի կառուցման եւ կառավարման համար:

Օրենքով սահմանված ժամկետում ԽԱՊԿ-ը չստացավ պահանջվող տեղեկությունները, ուստի հունիսի 28-ին հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական  դատարան՝ ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջներով։

Հուլիսի 26-ի որոշմամբ ՀՀ վարչական  դատարանը հայցադիմումը վարույթ ընդունեց։ Վերջինիս պատճենը ստանալուց հետո նախարարությունը ԽԱՊԿ-ին տրամադրեց պահանջվող տեղեկությունները, ուստի Կոմիտեն հրաժարվեց հայցի՝ տեղեկություններ տրամադրելու մասից՝ թողնելով միայն ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը։

Գործի դատավարությունը սկսվեց հոկտեմբերի 14-ին եւ ավարտվեց նոյեմբերի 7-ին, իսկ նոյեմբերի 22-ին հրապարակված վճռով ԽԱՊԿ-ի հայցը բավարարվեց։ 2014 թ. հունվարի 13-ին պատասխանող կողմն այս վճիռը բողոքարկեց վերադաս ատյան: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը փետրվարի 17-ի որոշմամբ բողոքը վարույթ ընդունեց։ Քննությունը կայացավ 2014 թ. ապրիլի 25-ին: Մայիսի 27-ին հրապարակված որոշմամբ նախարարության բողոքը մերժվեց։

2011 թվականի փետրվարի 21-ի գրությամբ  ԽԱՊԿ-ն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին խնդրել էր տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 6, 12-14 եւ 16-25  մրցույթներին ներկայացված հայտերի եւ կից փաստաթղթերի պատճենները:

Ի պատասխան ստացված նամակում ՀՌԱՀ-ն հայտնել էր, որ պատճենահանման ենթակա չեն առեւտրային գաղտնիք պարունակող փաստաթղթերը: Ըստ ՀՌԱՀ-ի` այդպիսիք են մրցույթների հայտերին կից փաստաթղթերում առկա վերահեռարձակման պայմանագրերը, ինչպես նաեւ`ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV):

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հայցապահանջով դիմեց ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի:

ՀՀ վարչական դատարանն ապրիլի 18-ին ԽԱՊԿ-ի հայցն ընդունեց վարույթ: Դատարանի` սեպտեմբերի 27-ի վճռով հայցն ամբողջությամբ մերժվեց:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: 2012 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ բողոքը բավարարվեց, վճիռը բեկանվեց և գործն ուղարկվեց նոր քննության:

ՀՀ վարչական դատարանում գործի քննությունը կայացավ հուլիսի 19-ին։ Դատարանն օգոստոսի 3-ին կայացրած վճռով հայցը բավարարեց մասնակի. այն է` ոչ իրավաչափ ճանաչել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` հեռուստաընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկների տրամադրումը մերժելու գործողությունը եւ պարտավորեցնել ՀՌԱՀ-ին` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տրամադրելու 2011 թ. փետրվարի 21-ի գրությամբ պահանջված` մրցույթներին ներկայացված հայտերի կից փաստաթղթերում առկա ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները։ Իսկ վերահեռարձակում իրականացնելու վերաբերյալ երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերը չտրամադրելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ դրանք տրամադրել պարտավորեցնելու պահանջների մասով՝ հայցը մերժվել է։ Սեպտեմբերի 3-ին ԽԱՊԿ-ն վճռի այս մասի վերաբերյալ բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, ինչը սեպտեմբերի 10-ին վարույթ ընդունվեց։

Նոյեմբերի 22-ին այս ատյանը քննեց ԽԱՊԿ-ի բողոքը։ Դեկտեմբերի 13-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց ԽԱՊԿ-ի բողոքը։ 2013 թ. հունվարի 14-ին ԽԱՊԿ-ն այս որոշումը բողոքարկեց վերադաս ատյան։ ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրեց։

2011 թվականի փետրվարի 11-ին ԽԱՊԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել նախարարությունում լրագրողների հավատարմագրման վերաբերյալ:

Օրենքով սահմանված ժամկետում չստանալով պահանջվող տեղեկությունները` ԽԱՊԿ-ն մարտի 25-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` նախարարության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկություններ տրամադրելուն  պարտավորեցնելու պահանջի մասին:

Նոյեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարանը ԽԱՊԿ-ի հայցը բավարարեց` ՀՀ առողջապահության նախարարության գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելով: Դատավարության ընթացքում ԽԱՊԿ-ն հրաժարվեց տեղեկություններ տրամադրելու պահանջից, քանի որ դատարան դիմելուց հետո` ապրիլի 5-ին, նախարարությունը տրամադրեց պահանջվող տեղեկությունները:

Դեկտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը վճիռը բողոքարկեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2012 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության բողոքը մերժվեց:

ՀՀ առողջապահության նախարարությունը ապրիլի 28-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Վճռաբեկ դատարանի` 2012 թ. հունիսի 6-ի թիվ ՎԴ/1060/05/11 որոշմամբ բողոքը վերադարձվել է:

Հարակից Հոդվածներ