2017 թ. ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ՀՀԿ թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի մոտ խոչընդոտվել է «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի մասնագիտական գործունեությունը, որն ուղեկցվել է ֆիզիկական բռնության կիրառմամբ։
«Araratnews.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով (այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, կատարվել են մի խումբ անձանց կողմից): Մայիսի 3-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան և մայիսի 5-ին ընդունվել վարույթ։
Լրագրողի խնդրանքով իր շահերը ներկայացրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փաստաբանը։ Այս գործով դատական նիստեր են տեղի ունեցել 2017-ի հուլիսի 3-ին, օգոստոսի 7-ին, սեպտեմբերի 28-ին, նոյեմբերի 6-ին, դեկտեմբերի 19-ին։ Քանի որ մեղադրյալ Ջուլիետա Կոկոլյանը, որը բռնություն էր գործադրել լրագրողի հանդեպ ու խոչընդոտել նրա օրինական մասնագիտական գործունեությունը, չի ներկայացել դատական նիստերին, իսկ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղադրյալը ծանր հիվանդ է, դատարանը պահանջել է այդ մասին վկայող փաստաթղթեր։ Հաշվի առնելով, որ նման փաստաթուղթ չի ներկայացվել, իսկ մեղադրյալը չի հայտնաբերվել իր մշտական բնակության վայրում, 2018-ի փետրվարի 5-ի նիստում դատարանը որոշել է հետախուզում հայտարարել Ջուլիետա Կոկոլյանի նկատմամբ, ինչը դեռևս արդյունք չի տվել։