ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ (2019-20թթ.)․ զեկույց ըստ մոնիտորինգի տվյալների

2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» (ԽԱՊԿ) ՀԿ-ն «Արդարություն լրագրողների համար» միջազգային կազմակերպության աջակցությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի մոնիտորինգ։ Ուսումնասիրվել և վերլուծվել են այդ գործերի քննության ընթացքը, կողմերի ներկայացրած փաստարկները և իրավական հիմնավորումները, դատական ակտերի բովանդակությունը, ինչպես նաև` որոշ վիճակագրական տվյալներ։ Նախկինում ԽԱՊԿ-ը կատարել է նմանատիպ հետազոտություններ, մասնավորապես՝ 2013 և 2014 թվականներին՝ դիտարկելով բոլոր դատական գործերը՝ 2010 թվականից ի վեր, երբ ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը։ Այս մոնիտորինգի անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ 2019 թվականն աննախադեպ էր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի քանակով, և այդ միտումը շարունակվեց 2020-ին, ինչը լուրջ մտահոգություն առաջացրեց ԶԼՄ-ների ոլորտում։ Բացի այդ, երկրում հետհեղափոխական շրջանում դատական համակարգի խորը ճգնաժամի պայմաններում էլ ավելի հրատապ է դառնում նման ուսումնասիրությունը։

Հետազոտությունն իրականացվել է՝ պարզելու համար, թե դատարանները որքանով են հետևում հայաստանյան օրենսդրությանը, միջազգային իրավական ակտերին, ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներին, արդյո՞ք դատարաններն իրենց պրակտիկայում կիրառում են միատեսակ մոտեցումներ և արդյո՞ք դատական ակտերը կայացնելիս հաշվի են առնվում լրատվամիջոցի և լրագրողի առաքելությունը ժողովրդավարական հասարակությունում։

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 176 հայց, որոնցից 94-ը 2019 թվականին, 82-ը՝ 2020-ին։ Այդ 176 հայցերից վարույթ է ընդունվել 127-ը (2019-ին՝ 68, 2020-ին՝ 59), մնացած 49-ը վարույթ չի ընդունվել (2019-ին՝ 26, 2020-ին՝ 23)։
Մոնիտորինգի ընթացքում փորձագիտական վերլուծության են ենթարկվել այն գործերը, որոնց վերաբերյալ ընդունվել է գոնե մեկ կամ ավելի դատական ակտ։ Այդպիսիք 21-ն են, ընդ որում՝ դրանցից 12 գործով կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ վեճերը հանգուցալուծվել են, իսկ 9-ի առնչությամբ ընդունվել է 1 և ավելի ակտ, բայց դատական գործընթացները շարունակվում են։        Մնացած 106 գործից 5-ը կարճվել է, քանի որ հայցվորը հրաժարվել է իր պահանջներից (2019-ին՝ 3, 2020-ին՝ 2), 2 դեպքում կողմերի միջև հաշտության համաձայնություն է կնքվել (2-ն էլ՝ 2019-ին), իսկ 5 դեպքում հայցը թողնվել է առանց քննության՝ կողմերից մեկի՝ հաջորդական երկու նիստերի չներկայանալու հիմքով (2019-ին՝ 4, 2020-ին՝ 1)։ 94 գործով մինչև 2020 թ․ դեկտեմբերի 31-ը որևէ ակտ դեռ չի ընդունվել։

Քանի որ վարույթ ընդունված դատական գործերի ճնշող մեծամասնությունը (127-ից 114-ը) ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և զրպարտության հիմքով են (տես գրաֆիկ 3), կարևոր էր պարզել, թե որքանով են այդ խնդրին վերաբերող իրավական կարգավորումները (նախևառաջ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածը) և պրակտիկայից ելնելով դրանց տրված մեկնաբանությունները ծառայում իրենց նպատակին։ Արդյո՞ք դատարաններին հաջողվում է պահպանել արդարացի հավասարակշռություն մի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա) 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության պաշտպանության և մյուս կողմից` անձանց հեղինակության, արժանապատվության դեմ  ուղղված արտահայտություններից զերծ լինելու իրավունքի միջև, որն էլ, իր հերթին, երաշխավորված է նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով։

Այս տիպի գործերից զատ, վերլուծվել են նաև ԶԼՄ-ների ներգրավվածությամբ 10 աշխատանքային վեճ, 1-ական՝ տնտեսական, անձնական տվյալների պաշտպանության և քրեական իրավունքին վերաբերող դատական գործեր։ Սրանք նույնպես հետաքրքիր են դատական պրակտիկայում համապատասխան նախադեպեր ստեղծելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ, օրինակ, լրագրողների աշխատանքային իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, բայց այդպիսի վեճերը լուծելու համար նրանք հազվադեպ են դիմում դատարան։

Վերոհիշյալ 127 վարույթ ընդունված գործերից 116-ում զանգվածային լրատվամիջոցների հիմնադիրները հանդես են եկել որպես պատասխանող, իսկ 11-ում՝ որպես երրորդ անձ։ Ինչ վերաբերում է այն 21 ավարտուն գործերին, որոնցով կայացվել է մեկ կամ ավելի դատական ակտ, ապա 6 դեպքում հայցադիմումը բավարարվել է (ամբողջությամբ կամ մասնակի), 6-ում՝ մերժվել, և, ինչպես նշել ենք, 9 գործերով քննությունը շարունակվում է։

Նախորդ՝ 2013 և 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։ Դա պայմանավորված է համացանցի և սոցիալական մեդիայի սրընթաց զարգացմամբ, ինչն սկզբունքորեն փոխեց և ընդլայնեց տեղեկությունների տարածման ձևերը և հնարավորությունները։ Տեխնոլոգիական այս զարգացումները համընկան Հայաստանում հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների հետ, որոնք զուգորդվում էին պայքարի մեջ մտած ուժերի և նրանց համակիրների կողմից լայնորեն կիրառվող ատելության խոսքով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով ու զրպարտությամբ։ Այս ամենը տեղափոխվեց նաև ավանդական լրատվամիջոցներ, ինչն էլ հանգեցրեց դատական գործերի հոսքի աննախադեպ ավելացման։

2013-2014 և 2019-2020 թվականների դատական գործերով ընդունված ակտերի համադրությունը ցույց է տալիս, որ դրանց որակը նկատելիորեն բարձրացել է թե՛ դատարանների ներկայացրած պատճառաբանությունների, թե՛ կողմերի բերած փաստարկների առումով։ Այս հանգամանքը կարող է պայմանավորված լինել ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ․ նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997, Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպային որոշումների առավել հետևողական կիրառմամբ, իրավական կարգավորումների միասնական մեկնաբանությունների ձևավորմամբ, ինչպես նաև՝  ԶԼՄ-ների և լրագրողների՝ սեփական իրավունքների պաշտպանության ակտիվացմամբ և պրոֆեսիոնալ փաստաբանների ներգրավմամբ։ Միևնույն ժամանակ, մոնիտորինգի արդյունքում ի հայտ են եկել պրակտիկ խնդիրներ, որոնք մի շարք դեպքերում թույլ չեն տալիս դատական գործերի վերաբերյալ ընդունված ակտերը որակել արդարացի և ճշգրիտ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԶԵԿՈՒՅՑԻ ՀԱՎԵԼՎԱԾԸ՝ ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ