2019թ. երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը։ Դիտարկվող ժամանակահատվածում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ։ Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։ Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներին վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների նոր դատական գործերի քանակը համապատասխանաբար՝ 28 և 25 էր։ Այսինքն՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 83 այդպիսի գործ, ինչը շատ ավելին է, քան նախորդ 2 տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած։
Վերոհիշյալ 30 դատական գործերից 13 դեպքում հայցվորները ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ։
Դատական հայցերի այս աննախադեպ աճը պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը շարունակում է ողողված մնալ ատելության խոսքով, ֆեյք լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով։ Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը և անտեսելով հանրային շահը։ Դիտարկվող ժամանակահատվածում դրա վառ օրինակը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հանգամանքների մասին «Hayeli.am»-ի և «Armlur.am»-ի հրապարակած լուրերն էին, ինչը առավել մանրամասն կներկայացվի «Լրատվամիջոցների գործունեության միջավայրը» բաժնում։
Այս իրավիճակը դրդում է հասարակության տարբեր խավերի մարդկանց ԶԼՄ- ների հրապարակումների առնչությամբ հայցերով դիմել դատարաններ։ Վերոհիշյալ 30 նոր դատական գործերից 13-ի դեպքում հայցվորները նախկին ու ներկա պաշտոնյաներ ու նրանց հետ ասոցացվող անձինք են, 9-ում՝ շարքային քաղաքացիներ, 5-ում՝ գործարարներ, 1-ում՝ քաղաքական գործիչ, 1-ում՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ, 1-ում ՝ լրագրող։
Ընդհանուր առմամբ դիտարկվող ժամանակահատվածում ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների վրա ճնշումների 35 փաստ։ Ինչ վերաբերում է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների մյուս տեսակի խախտումներին, ապա երրորդ եռամսյակում գրանցվել է ֆիզիկական բռնության 1 դեպք, որն իրականացրել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի թիկնազորի ծառայողը, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 11 են, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի քիչ է։ Այդուհանդերձ, խնդրահարույց է մնում այն, որ պետական մարմինները շատ դեպքերում չարաշահում են պատասխանի համար 30-օրյա ժամկետ կիրառելու իրավունքը, ինչը ակնկալվող տեղեկատվությունը և պատրաստվող հրապարակումը դարձնում է ժամանակավրեպ։
Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ