2015 թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

2015 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար  լարված ու բարդ ժամանակաշրջան էր։ Տարին հագեցած էր քաղաքացիական ըմբոստության շարժումներով ու ցույցերով, կարեւոր քաղաքական իրադարձություններով, որոնցից ամենանշանակալին սահմանադրական փոփոխությունների ու դրանց հետ կապված հանրաքվեի անցկացման գործընթացն էր։ Հենց այդ իրադարձությունների լուսաբանման ընթացքում էլ լրատվամիջոցները եւ լրագրողները հայտնվեցին ծայրահեղ անբարենպաստ պայմաններում։ Ընդ որում, ինչպես եւ նախկինում, այդ բարդությունները հիմնականում իշխանական տարբեր ատյանների, այդ թվում՝ իրավապահ մարմինների գործողությունների արդյունք էին։

Մասնավորապես, աննախադեպ էին հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների դեմ իրականացված ոստիկանական գործողությունների ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններն ու անօրինական խոչընդոտումները։ Այդ օրը ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակիցներ։ ԶԼՄ-ների եւս 11 ներկայացուցիչ բախվել է այլ անօրինական խոչընդոտումների։

Ֆիզիկական բռնության 3 դեպք եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման 12 միջադեպ գրանցվեց նաեւ սահմանադրական փոփոխությունների քարոզչության ժամանակահատվածում եւ հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6-ին: Լրագրողների նկատմամբ բռնության 4 այլ դեպք էլ տեղի է ունեցել նախքան վերոհիշյալ հունիսյան իրադարձությունները: 

Այսպիսով, ընդհանուր առմամբ, 2015 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 դեպք: Այս ցուցանիշը թեեւ մեկով պակաս է 2014 թվականի համեմատությամբ, սակայն հարձակումներից տուժած լրագրողների քանակով տարին աննախադեպ էր՝ 23:

2015թ. ընթացքում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասավ 67-ի (24-ով ավելի 2014 թվականի համեմատությամբ): Դրանցից 15-ը տարվա ընթացքում ԶԼՄ-ների ներգրավվածությամբ նոր դատական գործերն են՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ 2014 թվականի համեմատ 2015-ին ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ (այդ թվում նաեւ`որպես երրորդ անձ) դատական գործերի քանակը նվազել է 2-ով։ 

2015 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրեց տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 30 փաստ (17-ով ավելի, քան 2014-ին)։

Այսպիսով` 2015 թվականին լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումներն ընդհանուր առմամբ 40-ով աճել են` 2014 թ. համեմատությամբ, եւ հասել 105-ի:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ